Kinoashkharh.am-ը գրում է.
Ռոբերտ Էլիբեկյանը միշտ սրտնեղում է, երբ անդրադառնալով բեմանկարիչ Էլիբեկյանին` նրա ստեղծագործության շրջանակը սեղմում, փոքրացնում են` նրան ներկայացնելով միայն որպես թատերական նկարիչ: 13 բեմանկարչական խոշոր նախագծերի հեղինակը հաճախ է նշում,որ երկրորդ ընտրության դեպքում գուցե ընտրեր երաժշտությունը: Կինոյով նրա հրապուրանքը կարճատև է, բայց ոչ հպանցիկ: Ընդամենը երեք ֆիլմ ու անանց սեր` կինոյի կախարդանքի, հարազատ անունների ու 60-70-ականների` նորարարությամբ ու վերելքով լեցուն տարիների հանդեպ: Սակայն Էլիբեկյանների տաղանդաշատ ընտանիքից կրտսեր Էլիբեկյանի հետ զրուցում ենք ոչ միայն կինոյում իր աշխատանքների, հանդիպումների ու հիշողությունների, այլև 60-ականների Երևանի, քաղաքի դեմքերի ու նրա մշակույթն ու մթնոլորտը ստեղծողների մասին:
Հիմա որ պատմեմ` կասեն խենթ-խելառ են եղել
Երզնկյանը հետաքրքիր մարդ էր, շատ ինտելեկտուալ, հետաքրքիր, կարողանում էր օդի մեջ բռնել, թե ով է իրեն պետք: Ընդհանրապես իմ բախտն այդ հարցում բերել է: Երզնկյանը մեզ` Մինասին ու ինձ պարզապես որսաց և հրավիրեց աշխատելու ՙԽաթաբալայի՚ վրա, ու պարզվեց, որ կես խոսքից իրար հասկանում ենք: Մինասի հետ ընդհանրապես շատ հեշտ էր, նա իմաստուն մարդ էր, ես էի էմոցիոնալ, ըմբոստ, իսկ նա շատ հանդարտ մարդ էր: Իհարկե, ես հիմա իմ գործը գնահատել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ չափազանց հետաքրքիր շրջան էր. անհավատալի բաներ էինք անում:
Հիմա որ պատմեմ, որևէ մեկը չի հավատա, կասեն` խենթ ու խելառ են եղել. հայ կինոյի պատմության մեջ նման դեպք չի եղել: Եթե ֆիլմն ուշադիր նայեք, կտեսնեք Զամբախովի սենյակի պաստառները: Չեք հավատա, բայց ես ու Մինասը դրանք ձեռքով էինք նկարում, պաստելով, հո թույլ չէինք տա, որ գնային, խանութից առնեին ու դրանով զարդարեին սենյակը, Մինասն անգամ որմնանկարի մի կտոր նկարեց:
Էլ չեմ խոսում Երզնկյանի տանը մեր հավաքների մասին: Ես ու Մինասը գնում էինք Յուրի Արամայիսովիչի տուն, Թումանյան փողոցում էր ապրում, բարձրանում էինք 4-րդ հարկ ու սկսում… Կինոյում, գիտեք, ռասկադրովկա հասկացողություն կա, ես ու Մինասը կադր առ կադր աշխատում էինք, անում էինք բոլոր էպիզոդներն անխտիր, մուլտերը ո՞նց են նկարում, այ էդպես պաստելով մանրամասն աշխատում էինք և վերջում առանձին գործեր էին ստացվում: Յուրան էլ շատ խելոք էր և այդ ամենը ճիշտ էր օգտագործում: Ռեժիսորի դերը ո՞րն է, որ պետք է կարողանա սպունգի պես քամել բոլորին, եթե ռեժիսորը չկարողանա յուրաքանչյուրին իր տեղում օգտագործել, թիմ չի ստեղծվի: Այն ժամանակ դեռ խորհրդային տարիներն էին, և ԽՍՀՄ Պետկինոյի նախագահը ոչ անհայտ Երմաշն էր: Հետո իմացանք, որ մեր այդ աշխատանքները, բոլորը` էսքիզները, ռասկադրովկաները, որոնք տվել էինք նրան, հայտնվել էին Մոսկվայում: Յուրան, երբ գնում է Մոսկվա (այն ժամանակ ֆիլմերը տեսակավորելու խնդիր կար, մի քանի կատեգորիաներ կային` առաջին, երկրորդ կամ էլ հետագա ֆիլմերի ֆինանսավորման համար), տանում է այդ գործերը: Ավելի ուշ մեզ պատմում էին, թե Պետկինոյի որ կաբինետը մտնում ես, մեր նկարները կախած են: Եվ մենք դրանից միայն ուրախանում էինք, որ հասկացել են, չեն պատռել ու թափել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ