Մարդը դեգերումների մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ իրեն հասու չի լինի ճշմարտությունը: Երբ Հիսուսը երկիր իջավ, նա բոլորին ակնհայտորեն ցույց չտվեց ճշմարտությունը, այլ օրինակներով և փաստերով փորձեց մեզ կանգնեցնել այն ուղու վրա, որը բացահայտ է և ճշմարիտ:

 

  Մինչև օրս էլ մարդկային ոհմակը կատաղի պայքար է տալիս չարի և բարու, կեղծիքի և ճշմարիտի դեմ, բայց փաստն այն է, որ յուրաքանչյուրի համար «ճշմարտությունը» այլ է և յուրովի:
  Թե որքանով է մարդուն կյանքում հաջողվում լինել հաջողակ, դա ամենևին ոչ իր խելքի և ոչ էլ աշխատասիրության արդյունքն է: Հաջողակ մարդիկ հաջողակ են ծնվում: Եթե դու հաջողակ ես, ապա հաջողությունը ինքն է վազում քո ետևից, այլ ոչ թե հակառակը, իսկ եթե անհաջողակ ես, ապա որքան էլ ուզում ես վազիր հաջողության ետևիից, միևնույն է,  դու նրան չես հասնի:
  Հիսուսը գիտեր յուրաքանչյուրի ապագան, նա ամենևին անակնկալի չեկավ Հուդայի դավաճանությունից. Հուդան պետք է մատներ Հիսուսին: Յուրաքանչյուրս ունենք  «հետո», որը կանխորոշված է և վճռված:
   Հաջողակ, բայց ծույլ ու հիմար մարդը կարող է մի վարկյանում դառնալ միլիոնատեր, եթե հանկարծ իր մտքովն անցնի գնել խաղատոմս: Հաջողակ մարդը կծնվի աղքատ ու ոտաբոբիկ, բայց կդառնա թագավոր: Եվ այս ու մյուս հաջողությունները երբեք հաջողակներից չեն պահանջի ավելորդ  ջանք ու եռանդ, իմաստնություն ու փութաջան աշխատանք: Հաջողությունը հաջողակների կողմից է:
  Անհաջողությունն էլ հաշվի չի առնում անհաջողակների խելքն ու իմացությունը, նրանց քրտնաջան աշխատանքը, միևնույն է, վաստակ չի բերում, մայթում կանգնող  անհաջողակը ավտովթարի է ենթարկվում,  «օդերով սավառնող» անհաջողակը ոտնատակ է լինում, իսկ մահվան դատապարտված անհաջողակն էլ մահճակալից է ընկնում ու մահանում:
 Սրանք բոլորն էլ օրինաչափություններ են, որոնք անխախատ են, չերերվող ու միշտ կայուն: Մարդ արարածը այնքան չի առաջադիմել, որպեսզի կարողանա փոխել ապագան: Ապագան անձեռակերտ խաչ է, որը անհաջողակները մեջքին են կրում, իսկ հաջողակները քայլում են վրայով:
  Ոչ ոք ընտրության հնարավորություն չունի: Եթե անգամ դու կարծում ես, որ ունես ընտրելու երկու տարբերակ, ապա միևնույն է, դու ընտրելու ես այն, ինչ պետք է ընտրերիր:
  Սրանք անհերքելի սկզբունքներ են, որոնք տարանջատում են մարդկությանը միմյանցից, դարձնում երջանիկ կամ դժբախտ, հարուստ կամ աղքատ, կուշտ կամ սոված, գեղեցիկ կամ տգեղ, խելացի կամ հիմար, խղճուկ կամ ուժեղ և, որ ամենակարևորն է, մարդ կամ գոյ:
   Այնպես որ, անհրաժեշտություն չկա ինչ-որ մի բանի ձգտել հաջողակ լինելու համար, եթե քեզ տրված է հաջողակ լինելու բերկրանքը, ապա դու կլինես հաջողակ անգամ կյանքի գնով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել