Մենք՝ հայերս, երբեմն շատ ենք տրտնջում, որ առկա են մի շարք օբյեկտիվ հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը, որոնք պայմանավորված են մեր աշխարհագրական և աշխարահաքաղաքական դիրքով: Անխոս, այս հանգամանքներն անտեսել հնարավոր չէ, և դրանք, իրոք, անբնական պայմաններ են ստեղծում երկրի բնականոն, կայուն զարգացման համար, սակայն, արժե՞ նստել ողբալ սեփական բախտը, որով քեզ բաժին է ընկել այս տարածաշրջանը և հաշտվել սեփական վիճակի հետ, թե՞ ի վերջո մտածել ինչպես անել, որ նման պատնեշները հաղթահարելի դառնան, կամ էլ լուրջ խոչընդոտ չլինեն մեր փոքր, բայց մեծ ներուժ ունեցող երկրի համար:
Օրերս Financial Times-ի հեղինակներից մեկը զարմանքով անդրադարձել էր Հայաստանում արտադրվող առաջին պլանշետին (ArmTab) և սմարթֆոնին (ArmPhone): Ճիշտ է, նա զարմացած էր նման բան լսել Հայաստանից, պայմանավորած այն նույն հանգամանքներով, որոնց մասին քիչ առաջ ասվեց, բայց միևնույն ժամանակ, վերջինս, հիշելով սովետական շրջանում ունեցած մեր գիտական նվաճումներն ու ներուժը, զարմանքի իր տոնայնությունը նվազեցրեց, նշելով, որ այժմ կառավարությունը հուսով է նոր շունչ հաղորդել տեղեկատվական ու տեխնոլոգիաների ոլորտին՝ այդ ոչ մեծ, Կովկասում դեպի ծով ելք չունեցող ազգին վերածելու համար «էլեկտրոնային հասարակության»:
Լավ է, որ այդ հեղինակավոր պարբերականի հոդվածագիրը նման հույսեր ունի մեր կառավարությունից, բայց արդյո՞ք այսօր կառավարությունը լուրջ ներդրում է անում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ: Սա այն ոլորտն է, որը կարծես ոչ մի կապ չունենա Հայաստանի ամբողջ տնտեսության հետ: Այն տարեկան ստեղծում է շուրջ 2000 աշխատատեղ և այդ պահանջարկն այնքան մեծ է, որ բազմաթիվ ընկերություններ իրենք են փորձում ապահովել իրենց համար որակյալ կադրեր՝ կազմակերպելով մի քանի ամսյա դասընթացներ, որոնց միջոցով անվճար վերապատրաստում են մասնագետներ՝ հետագայում աշխատանքի հեռանկարով: Այլ կերպ ասած, պետությունն այս դեպքում ոչ թե օգնում է այլև, լավագույն դեպքում չի խանգարում: Սա, այսպես ասած, իրականությունը է՝ կապված պետության կողմից տարվող «աշխատանքների» հետ:
Այժմ եկեք անդրադառնանք հայ-ամերիկյան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից արտադրվող ArmTab-ին և ArmPhone-ին: Այստեղ մենք նկատում ենք առնվազն երկու ուշագրավ փաստ: Առաջինն այն է, որ Հայաստանում է իրականացվելու այս ապրանքների միայն ծրագրային և սարքային ապահովման դիզայնը, իսկ հավաքումը տեղի է ունենալու ԱՄՆ-ում և Հոնկոնգում: Բոլորն էլ լավ հասկանում են, որ երկրորդ մասը շատ ավելի կարևոր է, քանի որ ստացվում է այնպես, որ մեր մասնագետները անում են ամբողջ «կեղտոտ» աշխատանքը, հետո այն հումքի տեսքով արտահանվում է զարգացած երկրներ, իսկ հետո որպես պատրաստի ապրանք ներկրվում Հայաստան: Սա արդեն դժվար է ընկալել որպես հայկական արտադրանք: Հուսանք, որ առաջիկայում ArmTab-ն ու ArmPhone-ը իսկապես կսկսվեն արտադրել Հայաստանում:
Երկրորդ ուշագրավ փաստն այն է, որ այս բրենդային ապրանքանիշերը լինելու են չափազանց էժան՝ համեմատած աշխարհում առկա նմանատիպ սարքավորումների հետ: Համաձայնվեք, որ այս փաստը մի քիչ կասկածի տեղ է առաջացնում՝ կապված դրանց որակի հետ: Ինչպես ընդունած է ասել՝ թանկից էժանը չկա: Բայց ընկերության ղեկավարությունը պնդում է, որ գների ցածր լինելը պայմանավորված է «նվազագույն օգուտով», որը պետք է նպաստի ապրանքների մրցունակությանը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում: Ինչ խոսք, սա էլ է տարբերակ, և ես հուսով եմ, որ որոշ փորձագետների կարծիքը, ըստ որոնց մեր այս բրենդը չափազանց անորակ է, հասարակ նախանձի կամ էլ անտեղյակության արդյունք է, այլ ոչ թե դառը ճշմարտություն:
Ես բազմիցս կարծիք եմ հայտնել, որ ՏՏ-ն մեր «վերջին հույսն է»: Այն իրոք կարող է դառնալ մեր երկրի համար կայուն զարգացման երաշխավորը: Ի դեպ, այսօր այս ոլորտն աշխարհում միակն է, որն ապահովում է ֆանտաստիկ աճ՝ ի տարբերություն մնացած ավանդականներից՝ ամբողջ աշխարհի կտրվածքով: Այնպես որ, եթե մենք իրոք ուզում ենք, մեկ բառով ասած, ստեղծել ուժեղ պետություն, ուրեմն պետք է աջակցել և ամբողջովին կենտրոնանալ այս ուղղության վրա, և հուսով եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, այլ ոչ թե պարզապես փորձում ենք պատրանքներ ստեծել թե՛ մեր հասարակության, թե՛ աշխարհի համար՝ ժամանակ վատնելով ցուցադրական բրենդերի վրա՝ հանուն պետական քարոզչության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/640912592642588?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել