Արդեն սովորական է դարձել սոցցանցերով հանգանակությունները այս կամ այն մարդուն օգնելու կամ այս կամ այն նախաձեռնությանը աջակցելու նպատակով։ Եթե մի կողմ թողնենք հնարավոր խարդախությունները և համարենք, որ գործ ունենք միայն իսկական դեպքերի հետ, ապա գրեթե բոլոր դեպքերում առաջարկվում է մի քիչ գումար փոխանցել բուժման համար այսինչ հաշվեհամարին։ Կարիքավորի հարազատները ներկայացնում են հաշիվներ դրամով, դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով փոխանցումներ կատարելու համար։
Հենց այստեղ, ըստ իս, ամենամեծ սխալն է։ Կազմակերպել հանգանակություն միայն բանկային փոխանցումների հույսով դա նշանակում է սպասել, որ

  1. լրիվ անծանոթ մարդը, տեսնելով սոցցանցում երեխայի լուսանկարը, կորոշի փող տալ
  2. կարտագրի բանկային տվյալները ու կվերցնի անհրաժեշտ փաստաթղթերը
  3. կգնա իր բանկ և հերթ կանգնելուց հետո փոխանցում կկատարի այդ հաշվեհամարին։


Եթե առաջին կետը շանս ունի տեղի ունենալու, ապա երկրորդ և երրորդ կետերը փողը հասցեատիրոջը հասցնելու շանսերը հասցնում են նվազագույնի։ Լավագույն դեպքում շատ ուշացնում այդ պրոցեսը։

Այնպիսի տպավորություն է, որ հարազատները անում են ստանդարտ պրոցեդուրաներ, որ հետո իրենք իրենց չմեղադրեն։
Մինչդեռ ամեն ինչը կարող էր շատ ավելի լավ լիներ եթե նրանք մի քիչ ավելի ժամանակակից լուծումներ փորձեն կիրառել։
Շատ մարդիկ, այդ թվում նաև ես, շատ ավելի հաճախ ու ավելի արագ կկարողանային արձագանքել նման հանգանակություններին, եթե լինեին օնլայն վճարման միջոցներ։ PayPal, Visa/Master, Webmoney, eDram և այլն։

Բանկային փոխանցումը դանդաղ է և թանկ։ Շատ ժամանակ միջնորդավճարները փոխանցվելիք գումարի հետ համեմատելի։ Անհրաժեշտ գործողությունները շատ և բարդ։ Ամեն մեկը չի, որ 5000 դրամ փոխանցելու համար կգնա, կհասնի բանկ։ Իսկ արտասահմանից $10 հայկական բանկին փոխանցելը՝ ավելի թանկ է, քան այդ գումարը։

Վիզայով կամ Փեյփալով շատ արագ կարելի է փոխանցել $10 ու վերջ։ Ու դա կանեն շատ ավելի շատ մարդիկ։ Արդյունքում, միկրովճարումներով հնարավոր է հավաքվի մի զգալի գումար։

Այնպես որ, եթե դուք դժբախտաբար հայտնվել եք այնպիսի իրավիճակում, որ ձեզ անհրաժեշտ է (որպես կանոն) արագ հանգանակել գումար, ապա ավանդական բանկային փոխանցմանը զուգահեռ անպայման կիրառեք օնլայն վճարման միջոցներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել