Lragir.am-ը գրում է.
Կառավարությունն այսօրվա նիստում երկարաձգեց ավելի վաղ ընդունված «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2012-2013 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների ձևավորման, համալրման ու ծախսման միջոցառումների ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» որոշման ժամկետը՝ սահմանելով այն 2014-15 թվականները:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կառավարության նիստում ասաց, որ հարցն այս օրերին մամուլի ուշադրության կենտրոնում է, հրապարկումներ կան, թե պետական գանձապետարանի թանկարժեք իրերը վաճառվում են: «Նախկինում նման որոշում կար, չենք կատարել, միջազգային շուկայում թանկարժեք իրերի գները նավզում էին: Ըստ էության մենք այս որոշմամբ ֆիքսում ենք, որ հիմա չենք վաճառում դրանք»,- ասաց Դավիթ Սարգսյանը:
Նշենք, որ ըստ այս որոշման՝ «պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից և պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից բացի, մնացած արժեքների պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է»:
Կառավարությունը նախատեսել էր 2012-2013 թվականների ընթացքում հրապարակային աճուրդների միջոցով պետական գանձարանում գտնվող պետական պահուստներից արժեքների իրացման միջոցառումը, որը չի իրականացվել միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազման պատճառով:
«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունն առաջարկել էր ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ պետական գանձարանում գտնվող պետական պահուստներից հրապարակային աճուրդների միջոցով արժեքների իրացման գործընթացից, և արդյունքում ՀՀ կառավարության կողմից երկարաձգվել է միջոցառման կատարման ժամկետը: Դավիթ Սարգսյանն ասաց, որ հիմա էլ չեն վաճառվելու:



