Մտածող մարդիկ միշտ կան ու կլինեն: Իհարկե, դրանց քանակը հաճախ տատանվում է, սակայն մտածող մարդկանց տեսակը անհնար է, որ ի սպառ վերանա: Այսօր շատ է խոսվում նրա մասին, թե երիտասարդ սերունդը չի կարդում, չի սովորում: Իհարկե, այսօրվա համակարգչա-համացանցային դարում մտածողական-դեդուկտիվ-տրամաբանական աշխատանքը իր տեղը որոշ չափով զիջել է մեխանիկորեն կատարվող աշխատանքին: Առաջ որևէ տեղեկություն ստանալու համար ստիպված էիր փորփրել հանրագիտարանները, գրքերը, ամսագրերը, կարդալ գտածդ տեղեկությունը, արտագրել տետրի մեջ: Այդ գործընթացի արդյունքում ուղեղում բավական տեղեկություն էր մնում: Իսկ այսօր շատերը համացանցից ուղղակի պատճենում են տեղեկությունը, հաճախ առանց խմբագրելու տեղադրում իրենց բլոգներում կամ համակարգչում: Ցավալի է, բայց շատերը անգամ իրենց հրապարակած նյութերը չեն կարդում, ուր մնաց ուրիշներինը: Սակայն, նման չսովորող և «չմտածող» տեսակը միշտ էլ եղել է և կլինի: Ինչու, քի՞չ էին նախկինում տնային աշխատանքները ուրիշներից արտագրող կամ էլ դասերը ուղղակի չսովորողները: Մարդու մտածողության վրա համացանցի և համակարգչի ազդեցության հարցը նույնպես վիճելի է: Չէ՞ որ այսօր համացանցը մտածելու, սովորելու, տեղեկություն ստանալու անծայրածիր տարածք է. կարող ես գտնել յուրաքանչյուր գիրք, ստանալ քեզ հետաքրքրող յուրաքանչյուր տեղեկություն՝ յուրաքանչյուր բանի մասին, ընդլայնվել է մտահորիզոնը և դրա արդյունքում, իհարկե, մտածելու, տրամաբանելու և եզրակացություններ անելու հնարավորությունն ու կարողությունը: Այսպիսով, կարծում եմ, որ մտածող մարդը մահացող տեսակ չէ, այն ունի գոյատևելու բոլոր հիմունքները: