Ուշ աշնան օրերից մեկն էր: Արարատից վերադառնում էինք Երևան: Ճամփեզրում սոխ էին վաճառում: Կանգնեցինք՝ նայեցինք. խոշոր, լիքը, մսալի սոխեր էին: Գինն էլ՝ քաղաքի գնից էժան: Մեր ընկերներից մեկը որոշեց մի 10 կգ առնել: -Հը՛, սոխերն ի՞նչ են ասում, ձմեռը ո՞նց կլինի,-գինն ավելի էժանացնելու համար փորձեցի մտերմիկ խոսակցություն սկսել: -Շատ էլ ցո՛ւրտ կլինի, տեսե՛ք՝ վերին կլեպն ինչքա՜ն հաստ է, է՛ս գնով սոխ ուրիշ տեղ չե՛ք գտնի,-ինքնավստահ խոսակցությունը կարճեց նա: Ստիպված մի-մի 5 կգ էլ ես առա՝ չնայած թերահավատորեն վերաբերվեցի նրա կանխատեսմանը: Ու հիմա, ցրտաշունչ ձմռան առավոտներին, երբ պատահաբար աչքովս է ընկնում սոխի այդ կապոցը, կրկին համոզվում եմ, որ սոխերը երբեք չեն սխալվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



