Ահաբեկիչները սպառնում են Սոչիի օլիմպիական խաղերին պատրաստվող եվրոպական երկրներին: Արդեն մի շարք երկրների օլիմպիական կոմիտեներ էլեկտրոնային նամակներ են ստացել, որտեղ ասվում է, որ օլիմպիադային մասնակցող երկրների ներկայացուցիչները կարող են հայտնվել ահաբեկչության վտանգի առջև: Մասնավորապես Հունգարիայի ու Սլովենիայի օլիմպիական կոմիտեները հայտարարել են, որ իրենք բավական լուրջ են վերաբերվում այս սպառնալիքներին ու դիմել են Ռուսաստանին անվտանգության լուրջ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: Փաստորեն այսօր իրոք Ռուսաստանի ղեկավարությունը լուրջ խնդիր ունի ապահովել ձմեռային օլիմպիական խաղերի անվտանգությունը, քանի որ հայտնի ահաբեկիչ Դոկու Ումարովը բազմիցս հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի Սոչիի օլիմպիադան տեղի չունենա: Այս համատեքստում բավական հետաքրքիր է Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի անհապաղ արձագանքը: Կոմիտեի միջազգային կապերի վարչության նախագահ Քյոնուլ Նուրալիևան ասել է, որ ոչ մի սպառնալիք չի կարող ետ պահել Ադրբեջանի ներկայացուցիչներին Սոչի մեկնելուց: Այսպիսով, Բաքվում փորձում են հերքել իրենց կապը միջազգային ահաբեկչության հետ, քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ ներգրաված են ահաբեկչական տարբեր կազմակերպությունների մեջ, և հավանական տեռորի դեպքում կասկածները կարող են ուղղվել նաև Ադրբեջանի դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել