1in.am-ը գրում է.
Մագելի քարանձավի վիճակը, կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից, ծայրահեղ վատ է. չղջիկների թիվն այնտեղ նվազել է 60-70 տոկոսով: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը՝ հավելելով, որ մարդիկ քարանձավ մուտք են գործում պլաստմասսայե շշեր վառած, ինչն էլ խախտում է չափազանց զգայուն այս կենդանիների կյանքի բնակոնոն ընթացքը՝ հանգեցնելով դրանց ոչնչացման:
«Քարանձավի մուտքը դարպասով ցանկապատելու նամակով դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարությանը, սակայն մեր նամակն այդպես էլ անպատասխան մնաց: Երկար սպասելուց հետո մենք ինքներս ցանկապատեցինք տարածքը, ինչը դժգոհություն հարուցեց որոշ մարդկանց շրջանում: Նրանք նույնիսկ ցանկանում էին կոտրել դարպասները՝ ասելով, որ իրենց տարածքում անելիք չունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ դեկտեմբերին նորից տեղեկացել են, որ տուրիզմը զարգացնելու նպատակով մշակույթի նախարարությունը ցանկանում է քարանձավը վարձակալությամբ տալ:
Ասուլիսի մյուս բանախոս, ձեռնաթևավորների մասնագետ Էդուարդ Յավուրյանն իր հերթին նկատեց, որ Մագելի քարանձավի կենսաբազմազանությունը խիստ վտանգված է՝ չղջիկներ, թռչուններ, սողուններ, միջատներ, միջատակերներ և այլն: «Մինչև վերջերս Կարմիր գրքում ներկայացված հինգ տեսակի չղջիկներն էլ այստեղ առկա էին, սակայն այժմ դրանց մի տեսակն առհասարակ վերացել է: Մենք պետք է պաշտպանենք քարանձավում առկա կենդանատեսակները, ոչ թե ոչնչացնենք նրանց: Կար ժամանակ, երբ Մագելի քարանձավում չղջիկները բնակվում էին գաղութներով»,- ասաց նա՝ հավելելով, որ Մագելի քարանձավը զբոսաշրջային ծրագրերի մեջ ներառել, իհարկե, հնարավոր է, սակայն դա պետք է խելացի կազմակերպվի:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սևակ Բալոյանն էլ նշեց, որ Մագելի քարանձավը տուրիստական նպատակներով շահագործելու մասին շատ վաղ է խոսել: «Դա հնարավոր է միայն անհրաժեշտ բնապահպանական փորձաքննությունից հետո: Նման նախագիծ դեռևս ներկայացված չէ, սակայն դրա առկայության դեպքում չի բացառվում, որ փորձաքննությանը դրական պատասխան տրվի: Միաժամանակ, որևէ քարանձավ տուրիստական նպատակներով կիրառելու նախադեպ Հայաստանում դեռևս չի եղել»,- ասաց նա:
Սևակ Բալոյանի խոսքով՝ Մագելի քարանձավում առկա են 81 տեսակի բուսատեսակներ և կենդանատեսակներ:
Նշենք, որ այս քարանձավը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Նորավանք տանող ճանապարհին:



