Gaga ChkheidzeKinoashkharh.am-ը գրում է.

Հետխորհրդային երկրներում 90-ական թվականների վերջերին և 2000-ականների սկզբներին  սկիզբ առած կինոզարգացումների արդյունքում հիմնադրվեցին մի շարք կինոփառատոներ, որոնք այսօր արդեն բավականաչափ հեղինակություն և կշիռ ունեն: Թե ինչու ստեղծվեցին հենց կինոփառատոներ, պատճառը թերևս այն է, որ այդ տարիներին կինոն այլևս չուներ այնպիսի հզոր արտադրություն, ինչ անցյալում էր (յուրաքանչյուր հանրապետությունում տարեկան մեկ կամ երկու ֆիլմ էր արտադրվում, փլուզվեցին կինոցանցերը, սեփականաշնորհվեց կինոթատրոնների 90 տոկոսը): Եվ այն զարգացումները, որոնք սկսվեցին այդ երկրներում, հենց կինոգործիչների խմբերի համառ ջանքերի արդյունք էին նրանց անձնական կապերի և նախկինից մնացած հարաբերությունների հենքի վրա: Սկզբնական շրջանում նրանց ձեռնարկումները փոքրածավալ բնույթ ունեին` կինոֆորումներ, հանդիպումներ, ցուցադրումներ, սակայն  որոշ ժամանակ անց դրանց մի մասը վերաճեց կինոփառատոնի` գործունեության  հստակ նպատակներով ու խնդիրներով: Այսօր միայն մեր տարծաշրջանում գործում են կայացած ու հեռանկարային մի քանի մեծ ու փոքր փառատոներ, որոնցից մեկն էլ Թբիլիսիի միջազգային կինոփառատոնն է, որն այս տարի բոլորեց գործունեության 14-րդ տարին: Օգտվելով փառատոնին մասնակցելու հնարավորությունից` ՙԿինոաշխարհը՚ զրուցել է փառատոնի հիմնադիր տնօրեն Գագա Չխեիձեի հետ:

«Տասնչորս տարի առաջ ութ պրոֆեսիոնալներ` ես և իմ ընկերները, պարզապես մի խումբ  կինոսիրողներ, որոշեցինք հիմնել փոքր, ոչ կոմերցիոն միություն, որի նպատակն էր անկախ կինոփառատոն հիմնադրելը,- պատմում է Չխեիձեն,-  մեր նպատակը մեկն էր` 1990-ականների ճգնաժամից հետո հարուստ  կինոավանդույթներ ունեցող վրացական կինոն պետք է շարունակություն ունենա: Մենք համոզված էինք, որ կինոփառատոնը կնպաստի  վրացական կինոյի զարգացմանը, հանդիսատեսին լավ կինո  դիտելու հնարավորություն  կընձեռի, նաև` արտհաուս ֆիլմեր, ինչն էլ և  հիմնականում ներկայացնում ենք»:

Նախաձեռնության հեղինակների նպատակներից մեկն էլ կինոյով զբաղվող կամ զբաղվել ցանկացող երիտասարդ մասնագետներին արևմտյան, ինչպես նաև նախկին խորհրդային երկրների գործընկերների հետ շփվելու հնարավորություն ընձեռելն էր: Եվ տարեվերջյան այս կինոֆորումը  (Թբիլիսիի փառատոնը ամեն տարի անցկացվում է դեկտեմբերին)  հենց այն հարթակը դարձավ, որտեղ հավաքվելու  հնարավորություն տրվեց տարբեր երկրներից ժամանող  պրոֆեսիոնալներին ու կինոյի սիրահարներին: Գագա Չխեիձեն հատկապես շեշտում է, որ  փառատոնը սոսկ  ֆիլմերի ցուցադրություն չէ,  այլ  համալիր միջոցառումների հարթակ:

Ժամանակի ընթացքում  փառատոնի մասշտաբները ընդլայնվել են: Տարեցտարի ավելանում է ցուցադրվող ֆիլմերի քանակը, այս տարի, օրինակ` ցուցադրության էր ներկայացված 120 կինոնկար, դա Թբիլիսիի համար բավական մեծ ցուցանիշ է, քանի որ կինոթատրոնները շատ չեն`  ընդամենը չորս-հինգ դահլիճ:

Փառատոնի ծրագիրը բազմաժանր  է, չկան թեմատիկ միօրինակություններ:  «Ձգտում ենք ցուցադրել լիամետրաժ և կարճամետրած գեղարվեստական, անիմացիոն,  վավերագրական ֆիլմեր` չնայած այն հանգամանքին, որ կինոփառատոնը հիմնականում եվրոպական տիպի  է, ներկայացված ֆիլմերի մեծ մասի արտադրողը կամ համաարտադրողը եվրոպական երկրներն են: Այս ամենից զատ, մենք փորձում ենք կինոփառատոնի միջոցով խթանել նաև այն ստուդիաների աշխատանքը, որոնք աստիճանաբար սկսեցին ի հայտ գալ այս հարյուրամյակի սկզբներին»,- ասում է Չխեիձեն:

Հայտնի է, որ վրացական «Գրուզիաֆիլմը» 1996 թվականից, հայտնվելով տնտեսական բավականին բարդ իրավիճակում,  ֆիլմեր չէր նկարահանում: Հետագայում, ինչպես և շատ հետխորհրդային երկրներում,  ստեղծվեց Վրաստանի ազգային կինոկենտրոնը, որը կինոարտադրության համար հատկացված պետական  միջոցները հատկացնում է ընտրված կինոնախագծերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել