1in.am-ը գրում է.
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը ժամանակավորապես ապաստան է ստացել Ռուսաստանում, աբսուրդ է անվանել այն հայտարարությունը, թե ինքը ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է՝ հայտնում է RIA Novosti-ն:
Սնոուդենը 2013թ. հունիսին Washington Post ու Guardian թերթերին էր տրամադրել մի շարք գաղտնի նյութեր ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից համացանցում վերահսկման ծրագրերի վերաբերյալ:
Դրանցից հետո Սնոուդենը թռչել էր Հոնկոնգ, իսկ 2013-ի հունիսից գտնվում էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում:
Օգոստոսին Ռուսաստանում նրան տրվեց ժամանակավոր՝ 1 տարի ապաստանելու իրավունք: Ամերիկացի կոնգրեսմեն Մայք Ռոջերսը հունվարին հայտարարել էր, թե դժվար է պատահականություն անվանել այն, որ Սնոուդենը հայտնվել է Մոսկվայում:
Սնոուդենը հայտարարել է, որ ինքը «անկասկած ու միանշանակ գործել է մենակ, առանց ինչ-որ մեկի օգնության, առավել ևս՝ կառավարության: «Այդ համառ հայտարարությունները՝ «ռուս լրտես» լինելու մասին, պարզապես աբսուրդ են»,- ասել է նա հարցազրույցում, որը տվել է Մոսկվայից New Yorker ամսագրին:
«Դա ակնհայտորեն ճիշտ չէ, իսկ ամերիկացի ժողովուրդը ավելի խելացի է, քան մտածում են քաղաքական գործիչները»,- ասել է նա:
Նա ընդգծել է, որ երբեք չի դիտարկել Ռուսաստանը որպես երկիր, որից ապաստան կխնդրեր:
Հարցազրույցում նա ընդգծել է, որ իր գործողություններով նա ցանկացել է «օգնել», ոչ թե «վնասել» իր երկրին:



