Տեր Եզնիկ քահանա Մալխասյանին ես դեռ բախտ չեմ ունեցել հանդիպելու, բայց հույս ունեմ մեր բոլորիս աղոթքների շնորհիվ կրկին կտեսնենք այս հոգեվոր հովվին Սուրբ Պատարագ մատուցելիս: Ես տասնյակից ավել քահանա եմ ճանաչում և կդժվարանայի ընտրել ում մասին գրեմ, եթե Տեր Եզնիկը միտքս չգար: Անձամբ չճանաչելով նրան՝ ցավ եմ ապրում նրա ներկայիս անօգնական վիճակի համար, կարծես հարազատ եղբայրս է: Եղբայրս՝ ում ապաքինմանը օժանդակելու համար կանեմ ամեն հնարավորը, հույսով, որ Աստված էլ կանի մեզ համար անհնարին թվացողը: Իր մասին լսել եմ մեր հավատացյալ քույրերից, երբ Տեր Հոր առողջական վիճակի կտրուկ վատացումից նեղված ընկերուհիս խնդրեց աղոթքներում հիշեմ Տեր Եզնիկին: Ներկայումս իրեն օգնել ցանկացողները փորձում են հանգանակություն անել՝ Տեր Հոր բուժումն արտերկրում կազմակերպելու համար: Մասնագիտությամբ բժիշկ եմ և նախքան հավատքի գալը, ընտանիքում կորուստ եմ ունեցել, որովհետև չէի գիտակցում՝ Աստծո համար անհնարին բան չկա, հիմա հավատում եմ, որ Աստված ողորմած է և լսում է բոլորիս սրտից բխած աղերսները: Դիմում եմ ձեզ, քույրեր և եղբայրներ, օգնենք մեկին, ով ջանք չի խնայել իրեն վստահված հոտին ծառայելու գործում, քահանայի, ում հիվանդանոց են տեղափոխել Սուրբ Պատարագից հետո, ում միակ վախն էր այդ օրվա Պատարագի Սուրբ խորհուրդը կիսատ չթողնելը: Մենք մեկ ենք ի Քրիստոս, և եթե մարմնի մի անդամ հիվանդ է, ցավ են զգում մարմնի բոլոր անդամները: Եկեք դարմանենք մեր եղբոր Տեր Եզնիկի մարմնական ցավերը, իր ապաքինմամբ բժշկենք մեր կարծրացած հոգիները մշտապես ունենալով ՀԱՎԱՏ, ՀՈՒՅՍ և ՍԵՐ առ մեր երկնավոր Ամենակալ Հայրը: