1in.am-ը գրում է.
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ ընթանում է Վոլոդյա Նիկոյանի գործի դատավարությունը:
84-ամյա ծերունին ամբաստանյալի աթոռին է հայտնվել որդուն սպանելու համար: Ըստ նրա վարկածի՝ սպանությունը կատարվել է անզգուշության հետևանքով, պատահաբար: Ինքը որդուն սպանելու դիտավորություն չի ունեցել:
Նախաքննական մարմինը Վոլոդյա Նիկոյանին մեղադրանք է առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հունվարի 11-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող բնակարանի իր ննջասենյակում Վոլոդյա Նիկոյանը անսթափ վիճակում գտնվող որդու կողմից իրեն հայհոյելու, վիրավորելու, այնուհետև բռունցքով գլխին հարվածելուց վիրավորված՝ իր ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել է որդու կրծքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածին և դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից:
Այսօր ամբաստանյալ Վոլոդյա Նիկոյանը ցուցմունք տվեց: Նա վատ է լսում, չի տիրապետում հայերեն գրավոր լեզվին: Բայց ցուցմունքը տվեց բավական գրագետ հայերենով՝ մանրամասնորեն հիշելով անցած լավ օրերը:
Դատավարությանը մասնակցում է թարգման, ով ամբաստանյալի համար անհասկանալի մտքերը շատ բարձրաձայն թարգմանում է ռուսերեն:
Նիկոյանը պատմեց, որ 1949-1953 թվականներին սովորել է «լեռնային տեխնիկումում», որտեղ դասավանդվում էին հիմնականում ռուսներն ու ռուսերեն լեզվով: Այնտեղ է ծանոթացել իր ապագա կնոջ հետ, ով ազգությամբ ռուս է եղել:
«Աշխատել եմ մոլիբդենի ու ոսկու վրա: Հանքերում գլխիս քար է ընկել, ոսկորը ջարդվել է, էդ տեղը հիմա փուչ է»,- ասաց ամբաստանյալը՝ ցույց տալով գլխի գագաթային հատվածը:
Հենց գլխի այդ վնասված հատվածին էլ դեպքի օրը բռունցքով խփել է որդին: Այդպես հարվածելու սովորություն է ունեցել: Ամբաստանյալը բողոքել է թոռին, հարսին: Վերջինս ասել է՝ ի՞նչ անեմ, քո տղան է...
Ամբաստնյալ ծերունին հաճույքով պատմեց, որ ռուս կնոջ շնորհիվ Երևանում կոոպերատիվ մեծ բնակարան են ստացել՝ մեջտեղի հարկ, մեջտեղի շքամուտք, շատ լավ պայմաններ: Նորոգել է, ամեն բան ձեռք բերել: «Առաջինը իմ ավտոն է մեր բակը մտել: Առաջինը ես եմ նկուղ ունեցել...»,- հպարտ թվարկում էր նա:
Մի խոսքով՝ արտաքուստ ամեն բան լավ է եղել: «Մենք չէինք կռվում, շատ ակուրատնի ապրում էինք, կինս էլ ռուս էր, ամեն բան մարդու դեմքին ասող»:
Վոլոդյա Նիկոյանը ամառանոցի համար երկու հողամաս է ձեռք բերել, բայց սովետը քանդվել է, տուն սարքել չեն հասցրել: Դրա փոխարեն մոտ տասնհինգ տարի ապրել է իր հողմասի կողքին գտնվող բոլոր հարմարություններով տանը, որ տանտերն իրեն ու կնոջն էր վստահել ու մեկնել Հայաստանից:
Վոլոդյա Նիկոյանն ասաց, թե ինքը կարդացող մարդ է եղել, մեծ գրադարան ունի, հիմնականում՝ ռուսերեն գրքեր: Հայ դասականներին էլ կարդացել է «պերեվոդով», իսկ սիրած հայ գրողը Շիրվանզադեն է:
Բայց եկել է ժամանակ, որ գրքային ներընտանեկան քաոսը հաստատվել է նաև Վոլոդյա Նիկոյանի ընտանիքում: Որդին, որ ամուսնացած էր, կին, երկու երեխա ունի, սկսել է խմել: Աշխատանք չի ունեցել: Սկսել է կռիվներ սարքել: Մի օր, երբ կնոջ հետ կռվում էր, միջամտել է մայրը: Որդին, ըստ ամբաստանյալի, մորը հրել-գցել է: Մոր ոտքը կոտրվել է: «Նա կալյասկա նստեց, սկսեց ավելի չաղանալ, փորի մեջ ջուր հավաքվեց ու մոտ երեք տարի առաջ մահացավ»:
Քանի կինը կար, Վոլոդյա Նիկոյանն իրեն մենակ չէր զգում: Կնոջ մահից հետո մենակ է, քանի որ թոռներն ու հարսն աշխատում են, զբաղված մարդիկ են, իսկ տղան գործ չէր գտնում, ամեն առավոտ փող էր ուզում երեխաներից, կնոջից, իսկ երբ նրանք չէին տալիս, ծխախոտի փողն ուզում էր հորից:
«Տված փողով խմում էր, խմելուց հետո էլ կռվարար էր դառնում: Դրա համար էլ երբ ծխախոտի փող էր ուզում, ասում էի՝ ես կառնեմ: Վազելով գնում էի խանութ, նրա համար ծխախոտ էի առնում... Պատահում էր՝ խոհանոցում նստած կարտոֆիլ էի մաքրում, որ ինձ համար ուտելիք սարքեմ, գալիս էր, բռունցքով գլխիս խփում: Ասում էի՝ այ Վովա, էդ ի՞նչ ես անում, ախր դանակը ձեռքիս է, աչքս կմտնի: Ասում էր՝ դա էլ իմ ուզածն է... Խփում էր ու ծիծաղելով փախչում, ոնց որ՝ փոքր երեխա...
Վրաս խոսում էր, թե ցերեկով լույս ես վառում, հեռուստացույց ես միացնում: Ես էլ օրս անց եմ կացնում հեռուստացույց նայելով...
Դեպքի օրվա առավոտյան փող ուզեց, չտվեցի: Գնաց: Ես իմ սենյակում ժուռնալի սեղանի մոտ նստած խնձոր էի մանրացնում դանակով, որ ուտեմ: Հեռուստացույց էի նայում: Վովան եկավ: Խմած էր ու շատ չարացած: Հայհոյեց, թե էլի լույսը վառել ես, հեռուստացույցը միացրել: Ասի՝ փոքր լամպըչկա է, դրա ծախսն ի՞նչ է: Նա բռունցքով խփեց գլխիս, հենց ոսկորի վնասված մասում: Ես գլուխս կախեցի ցավից, սիրտս սկսեց շատ արագ աշխատել: Նա մի անգամ էլ վզակոթիս խփեց ու գնաց, լույսն ու հեռուստացույցն անջատեց: Ես գլուխս կախ, ցավից ինձ կորցրած նստած էի, հանկարծ զգացի, որ սեղանիկը դիպավ ծունկերիս: Մտածեցի՝ նորից եկավ խփելու: Ու՝ թա՛փ, երկու ձեռքերս կտրուկ բարձրացրի, որ գլուխս պաշտպանեմ: Դանակը աջ ձեռքիս էր: Բնազդաբար արեցի, երևի: Մեկ էլ Վովան ասաց՝ վախ: Էդքանն է եղել: Դա մի քանի ակնթարթ էր: Հետո կինը կողքի սենյակից վրա հասավ... էդպես էլի... Ես ճիշտն եմ ասում: Հենց էսպես է եղել: Ես էդ ի՞նչ տեսակի մարդ պիտի լինեի, որ դիտավորյալ իմ տղուն սպանեի: Ես դիտավորյալ ոչինչ չեմ արել: Ձեռքիս դանակն էր, խնձոր էի կտրտում: Ձեռքս կտրուկ բարձրացրել եմ, չեմ էլ զգացել, որ դանակը դիպել է Վովային, միայն լսեցի, որ ասաց՝ վախ...
Նա լավ տղա էր, շատ ակուրատնի, ձեռից ամեն բան գալիս էր: Էլեկտրատեխնիկական տեխնիկումն էր ավարտել, հրաշալի էլեկտրիկ էր, լավ արհեստավոր: Դեպքից մոտ մեկ տարի առաջ աջ ձեռքով իր ձախ ձեռքի երակները կտրել էր: Չէր ուզում ապրի, բայց չեմ հասկանում, թե ինչու...
Իմ թոռները ինձ բան չեն ասում, բայց ես հո զգում եմ, որ դիլխոր են ինձանից, տխուր են, որ իրենց հորը սպանել եմ: Իմ հորն էլ սպանեին, ես էլ կտխրեի...
Հարսս երբ լավ բան է եփում՝ տոլմա, մսով համով բան, անպայման ամանով բերում է իմ սենյակ: Էս դեպքից հետո ես նրանց հետ սեղան չեմ նստում: Ո՞նց նստեմ: Ես, ախր, էդ էրեխեքի հորը սպանել եմ...»:
Ամբաստանյալ Վոլոդյա Նիկոյանը երեք ինֆարկտ է տարել, վիրահատություն: Առողջական վիճակին վերաբերող հարցին պատասխանեց, թե ինքն իր համար դեղ է սարքում ու իրեն լավ է զգում: Իրենից ուրիշներն էլ են դեղ առնում...
Տուժողի իրավահաջորդը Վոլոդյա Նիկոյանի թոռն է, սպանված Վլադիմիր Նիկոյանի որդին: Նա պապին վերաբերվում է առանց չարացածության, ասում է՝ դեդ, չի ցուցադրում ընտանեկան ողբերգության պատճառով իր ապրումները:
Դատարանի դահլիճում էր նաև ամբաստանյալի դուստրը: Սպանվածի քույրը: Ուրիշ ոչ ոք չկար դահլիճում: Ամբաստանյալը պաշտպանի հարցին, թե ինչպիսին են իր հարաբերությունները հարազատների հետ, ասաց՝ նորմալ: Հետո ցույց տվեց դահլիճն ու ասաց՝ իմ էրեխեքն են էստեղ, էն աղջիկս է, էն էլ թոռս է, հարցրեք իրենց...
Վոլոդյա Նիկոյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Նա գնալու տեղ չունի էլ: Ինքն է, իր կոոպերատիվ բնակարանի սենյակը, որտեղ կնոջ մահճակալի «մատրասն» էլ գցել է իր մահճակալի վրա ու հիմա երբ մահճակալին՝ ժուռնալի սեղանի մոտ նստում է, ոտքերը գետնին չեն հասնում: Այդպես էլ նստած է եղել դեպքի օրը, երբ սենյակ է մտել ինչ-որ պատճառով զայրացած որդին: Եվ հայր ու որդի բառեր են փոխանակել, հայր ու որդի միմյանց ճակատագրական կերպով չեն հասկացել կյանքում վերջին անգամ...