ՄԻ ԴԵՊՔ ՊԱՏՄԵՄ

Վահան Շիրխանյանը, ով պատերազմի ժամանակ ուժային կառույցներում ղեկավար տարբեր պաշտոններ է զբաղեցրել, մի օր պատմեց ինձ այս հուզիչ պատմությունը:

Ուրեմն 93 թիվն էր, ես ու Վազգենը (Սարգսյան) Արցախից եկել էինք Երևան, հետներս էլ մի 20-22 տարեկան կամավոր երիտասարդի դի էինք բերել: Օրվա վերջում Վազգենն ասաց. «Վահան, արի գնանք էն զոհված տղայի տանեցիներին ցավակցենք»: Գնացինք Լենինգրադյան փողոցի շենքերից մեկը, բարձրացանք աստիճաններով, մտանք ներս: Մութ էր, ու շուրջբոլորը մոմեր էին շարված: Հասկացանք, թե ով է զինվորի մայրը, մոտեցանք ու Վազգենը առաջ եկավ, համբուրեց մայրիկի ձեռքն ու ասաց. 
-Ցավակցում ենք, մայրիկ ջան.
Մայրիկը հայացքը գետնից բարձրացրեց, արծվի հայացքով նայեց մեր աջքերի մեջ, կանգնեց ու ասաց.
-Ինձ ցավակցելու փոխարեն գնացեք ու տղայիս գործը շարունակեք.
Դուրս եկանք....
Մեկ ժամից ավել քայլում էինք նույն փողոցով, ու ոչ մի բառ չէինք խոսում. հետո Վազգենը խախտեց լրությունն ու ասաց. «Վահան, սա իսկական առյուծ ծնող էր»...

Հ.Գ. պատմությունը հիշեցի օրվա ծանր դեպքի կապակցությամբ, համոզված եմ, որ Արմենի Մայրն էլ է առյուծ ծնող...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել