1in.am-ը գրում է.
«Երեկ ամբողջ օրը՝ մինչև ուշ գիշեր, իրենց տանն էի: Մեկ օր առաջ էր Էդիկը ծնողների հետ խոսել, ասել, որ ամեն ինչ նորմալ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:
Երեկ վաղ առավոտյան Վաղարշապատի հիվանդանոցում մահացած ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը Տավուշի մարզի Կոթի գյուղից էր: Տեղեկատվությունը, թե նոր էին վիրահատել Էդիկ Շահնազարյանին, չի համապատասխանում իրականությանը: Գյուղապետը տեղեկացրեց, որ Էդիկ Շահնազարյանը ենթարկվել է քթի միջնապատի վիրահատության նոյեմբեր ամսին:
«Որևէ մեկը հստակ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչից կարող էր մահանալ»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ Էդիկ Շահնազարյանին հայրենի գյուղ կտեղափոխեն այսօր:
Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ այս մեկ շաբաթվա ընթացքում Էդիկը զորամասում բացարձակ որևէ խնդիր չի ունեցել, անընդատ ծնողների հետ խոսել է, ավելին՝ մեկ օր առաջ է խոսել ծնողների հետ՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է: «Ծնողներն իրենք էլ այլ տեղեկատվության չեն տիրապետում»,- ասաց նա:
Ֆելիքս Մելիքյանի խոսքով՝ անհնար է, որ վիրահատությունը լիներ մահվան պատճառը, քանի որ քթի վիրահատությունից հետո մարդիկ հաջորդ օրը գնում են աշխատանքի:
Հարցին՝ հրամանատարները արդյոք պատմե՞լ են՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել, գյուղապետը նշեց, որ հրամանատարները հենց այդ պահից իր հետ են եղել:
«Կոնկրետ պատճառը պարզ կդառնա դատաբժշկական եզրակացությունից հետո, բայց հիվանդությունը ժամեր է տևել, արագ սրվել է և հանգեցրել այդ հետևանքին: Այս պահին որևէ մեկը չի ուզում ինքն իրենից եզրակացություն անել»,- ասաց նա՝ հավելելով, որ նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ որևէ հետք չկա:
«Զորամասում սերժանտների կամ հրամանատարների հետ որևէ կոնֆլիկտ չի եղել, ինքն անձամբ է զանգել ծնողներին և ասել, որ շատ լավն են հրամանատարները: Ինքը անձամբ գոհ է եղել, որևէ դժգոհություն չի հայտնել»,- հավելեց Ֆեիլքս Մելիքյանը:
Նա նաև նշեց, որ ամբողջ գյուղով պետք է ամեն ինչ անեն՝ իմանալու համար Էդիկի մահվան պատճառը, հրամանատարներն իրենք էլ են ուզում իմանալ: Սակայն որ դա որևէ միջադեպի կամ որևէ միջանձնային հարաբերությունների հետևանք չէ՝ հաստատ է:
Ի դեպ, զորակոչվելուց առաջ Էդիկ Շահնազարյանը բժշկական քննություն է անցել, նրա մոտ առողջական որևէ խնդիր չի հայտնաբերվել:
Վաղը Կոթի գյուղում տեղի կունենա շարքային զինծառայող Էդիկ Շահնազարյանի հոգեհանգիստը, իսկ հունվարի 23-ին՝ հուղարկավորության արարողությունը:
Էդիկ Շահնազարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):



