Lragir.am-ը գրում է.

ՄԱԿ-ը հետ է կանչել Սիրիայի խաղաղության համաժողովին (Ժնև-2) մասնակցելու համար Իրանին ուղարկված հրավերը, տեղեկացնում է BBC-ը: ՄԱԿ խոսնակ Մարտին Նեսիրկին քննադատել է Թեհրանին Սիրիայում անցումային կառավարություն ձևավորելու նախագծին աջակցություն չհայտնելու համար, որը Շվեյցարիայի Մոնտրո քաղաքում անցկացվելիք համաժողովի գլխավոր թեման է լինելու:

Իրանին ուղարկված հրավերը դժգոհություն էր առաջացրել ԱՄՆ և եվրոպական երկրների, ինչպես նաև Սիրիայի ազգային կոալիցիայի շրջանում: Վերջինս ավելի վաղ սպառնացել էր չմասնակցել համաժողովին, եթե Իրանին ուղարկված հրավերը հետ չկանչվի:

Նեսիրկին նշել է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հրավիրել էր Իրանին մի շարք բարձաստիճան պաշտոնյաների հետ զրույցից հետո, ովքեր վստահեցրել էին, որ Իրանը հասկանում և աջակցում է համաժողովի գլխավորը նպատակին:

Իրանը, սակայն, հունվարի 20-ին մի շարք հայտարարություններ է արել՝ մերժելով նախապայմանների առաջադրումը համաժողովին մասնակցելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել