Ներկայացնում ենք թերթի խմբագրականը հատվածաբար.
«Շաբաթ օրը կայացավ «Ընդդեմ կուտակային կենսաթոշակի»՝ Հայաստանի մասշտաբներով բավականին բազմամարդ հանրահավաքը։ Հազարավոր մարդիկ իրենց մտահոգությունը հայտնեցին, որ կառավարությունը կգրպանի երիտասարդների աշխատավարձերի 5 տոկոսը: Իրավունք ունե՞ն մարդիկ այդպիսի կասկածներ ունենալու։ Իհարկե՝ ունեն: Այնպես չէ, որ անցած 22 տարում կառավարությունը ոչ մի բան չի գրպանել, որպեսզի հիմա մեծ վստահություն վայելի:
Սակայն այս ամենը չի նշանակում, որ ցույցը կազմակերպել էին քաղաքական ուժերը, կամ՝ որ դժգոհության համար օբյեկտիվ հիմք չկա։ Իմ անձնական կարծիքով՝ 20-25 տարի հետո Հայաստանում կենսաթոշակի գերակշիռ մասը կյինի կուտակային՝ աշխատողները չեն կարողանա վճարել չաշխատողների համար: Բայց այդ գաղափարախոսությունը ներմուծելու համար լուրջ աշխատանք էր պետք, որը կառավարությունը չի կատարել։ Առնվազն երեք տարվա ընթացքում պետք էր ցույց տալ, որ ահա այս մարդիկ, որոնք կամավոր օգտվում են տվյալ համակարգից, ահա այդպես են համացանցով ամեն ամիս ստուգում իրենց հաշիվները, նրանց հաշիվներում կուտակվել են ահա այս գումարները, այս հիմնադրամն այսպես է աշխատում, այն հիմնադրամը` այնպես, իսկ գործատուները, որոնց աշխատակիցներն անցել են այդ համակարգին, ունեն ահա այս արտոնությունները։ Փոխարենը, հասարակական կարծիքը հերթական անգամ ցինիկորեն արհամարհելով, կառավարությունը գերադասեց գործել «կուվալդով»՝ «խլելու ենք և վերջ»։ Ի՞նչ պիտի դրանից եզրակացնի մարդը Հայաստանի պայմաններում։ Միայն մի բան` «ուրեմն՝ թալանելու եք»։
Ինչ մնում է քաղաքական ուժերին, ապա եթե վաղը փողոց դուրս գան փակված կազինոների գործազուրկ դարձած աշխատակիցները, ապա կուսակցություններն այդ մարդկանց կողքին կլինեն»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։