1in.am-ը գրում է.
ԱՄՆ 2 ռազմանավեր արդեն գտնվում են Սև ծովի տարածաշրջանում: Դրանք կարող են Ռուսաստանին օգնություն ցուցաբերել, եթե Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ առաջանան արտակարգ իրավիճակներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, կոնտր-ծովակալ Ջոն Քիրբիի խոսքերով՝ «Միացյալ Նահանգներն իր լիարժեք աջակցությունն է հայտնել ռուսական կառավարությանը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգության ոլորտում անցկացվող աշխատանքներին»: Տարածաշրջանում ամերիկյան ուժերի հրամանատարությունը «իրականացնում է ծրագրեր և նախապատրաստություններ այն դեպքերի համար, եթե անհրաժեշտ լինի աջակցություն»:
«Եթե ռուսական կառավարության հետ խորհրդակցությունների ընթացքում որևէ արտակարգ իրավիճակում անհրաժեշտ լինի աջակցություն, մենք գործի կդնենք ռազմածովային և ռազմաօդային ուժերը՝ ներառյալ Սև ծովի 2 նավերը»,- հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:



