1in.am-ը գրում է.
Բարբարա Բուշը` ԱՄՆ նախկին նախագահներից մեկի կինը, մյուսի մայրը, հույս է հայտնել, որ իր մյուս որդին` Ջեբը, չի պայքարի նախագահի պաշտոնի համար: C-Span հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նա ընդգծել է, որ ընտանեկան դինաստիայի կառավարումը չի համապատասխանում ԱՄՆ-ին:
«Կարծում եմ` մենք հզոր երկիր ունենք, և եթե չգտնենք բարձր պաշտոնների համար պայքարող 2-3 ընտանիքից ավելին, ապա դա հիմարություն կլինի, քանի որ մենք ունենք հիանալի նահանգապետներ և այլ արժանավոր անհատներ: Քենեդիներ, Քլինթոններ, Բուշեր... չէ՞ որ կան այլ ընտանիքներ ևս»,- ասել է 88-ամյա կինը:
Որպես մայր Բարբարա Բուշը համոզված է, որ իր 60-ամյա Ջեբը, ով նախորդ տարի եղել է Ֆլորիդայի նահանգապետ, «նախագահի պաշտոնի համար պայքարելու ամենալավ թեկնածուն է»:
«Սակայն հույս ունեմ, որ նա նման բան չի անի, քանի որ կարծում եմ, որ նրա դեմ դուրս կգան իմ բոլոր թշնամիները և նրա եղբոր թշնամիները»,- ասել է նա` չհստակեցնելով, թե ինքն ինչ թշնամիներ ունի:
Բարբարայի ամուսինը և ավագ որդին եղել են համապատասխանաբար՝ ԱՄՆ 41-րդ և 43-րդ նախագահները:



