«Գործել... Էլի գործել... Ահա հանուն ինչի մենք գոյություն ունենք»(Յոհան Ֆիխտե):
Մարդը գործող էակ է, և գործունեությունն աշխարհի հետ հարաբերվելու մարդուն բնորոշ ձևն է: Մարդն իր նպատակաուղղված գործունեության շնորհիվ կարողացել է վերափոխել իրեն տրված միջավայրը և ոչ միայն հարմարվել, այլև միջավայրը հարմարեցրել իրեն:
Ֆրանսիացի փիլիսոփա Միշել Մոնտեն գրել է. «1000 ճամփա է մեզ շեղում նպատակից, մինչ դեպի այն տանում է լոկ մեկը»:
Նպատակն ակնկալվող արդյունքի գիտակցված պատկերն է, որին հասնելուն է ուղղված մարդու գործունեությունը:
Նպատակներ դնելու կարողություն նույնպես մարդ էակին բնորոշ հատկանիշ է: Մարդու մասին կարելի է մտածել ըստ այն նպատակների, որոնք նա դնում է: Դրանց հասնելու համար մարդն օգտագործում է բազմաթիվ հանգամանքներ, որոնք անվանում են միջոցներ: Նպատակ դնելու կարողությունը մարդու կարևոր բնութագրերից է, սակայն կարևոր է նաև նպատակասլացությունը, նպատակին հասնելու կամքի ուժն ու ժամանակն օգագործելու կարողությունը:
Հին հույն գիտնական Պյութագորասը ասել է. «Մարդու կյանքը կարելի է համեմատել շուկայի և օլիմպիական խաղերի հետ: Շուկայում կան վաճառողներ և գնորդներ, ովքեր ձգտում են շահավետ վաճառքի ու գնումների: Օլիմպիական խաղերում էլ կան մասնակիցներ, ովքեր ձգտում են փառքի և ճանաչման: Այդպես է նաև կյանքում: Մարդկանց մեծ մասը հոգ է տանում հարստություն և փառք ձեռք բերելու համար: Միայն մի փոքր խումբ մարդիկ չեն մասնակցում այդ մրցավազքին: Նրանք ուսումնասիրում են իրերի էությունը և ամենից առավել սիրում են ճշմարտության իմացությունը»:
Այդ մարդկանց Պյութագորասը համարում էր փիլիսոփաներ:
Վերածննդի դարաշրջանի փիլիսոփայության ներկայացուցիչ Միշել Մոնտեն մարդու` երջանկության նկատմամբ ունեցած ձգտման մասին գրել է. «Ե՛վ ունևորությունը, և՛ չունևորությունը կախված են այն պատկերացումներից, որ մենք ունենք դրանց մասին: Յուրաքանչյուրն ապրում է լավ կամ վատ` նայած այն բանին, թե ինքն ինչ է մտածում այդ առթիվ: Գոհ է ոչ թե նա, ում ուրիշներն են այդպիսին համարում, այլ նա, ով ինքն է իրեն այդպիսին համարում»:
Մարդն ի սկզբանե գիտի, որ իրեն տրված կյանքը, առողջությունը ժամանակավոր են, հետևաբար, նա պետք է սովորի գնահատել այն ժամանակը, որ ունի ապրելու համար: Տարբեր են մարդկանց ձգտումներն ու նպատակները, տարբեր են նաև դրանց հասնելու ճանապարհներն ու միջոցները: Սակայն կարևոր է այն, թե ինչն է իր համար մարդն ընտրել որպես կյանքի նպատակ կամ երազանք` հարստություն, երջանկություն, ազատություն, թե «անմահություն»: Ի վերջո կյանքի իմաստը որոնելիս պետք է նայել, ոչ թե վերջին, այլ կյանքի ընթացքին: Կյանքի իմաստը լիակատար զգալն ու ապրելն է, կյանքում ստեղծագործելն ու սեփական առաքելությունը իրականացնելը: Մարդը կյանքի իմաստը պատրաստի չի գտնում. ոչ մի մարդ մյուսի համար չի կարող կյանքի իմաստ ստեղծել: Ամեն մարդ ինքն է գտնում իր կյանքի իմաստն իր նպատակամղված որոնումների, հոգևոր ճիգերի, աճելու, աշխատանքի արդյունքում: Մարդը պետք է մեծ ստեղծագործական նպատակներ դնի իր առջև, անգամ անիրականանալի թվացող նպատակներ, քանի որ, ինչպես Նիցշեն է ասում, մարդիկ պետք է դնեն մարդկային մեծ նպատակներ, որպեսզի կարողանան իրականացնել գոնե դրանց ստվերները:
Երբ մարդն ունենում է ստեղծագործական բնույթի նպատակներ, նրա կյանքն անցնում է իմաստավորված: