Հարգելի ԴԵՄ եմ խմբի անդամներ...
Անշուշտ ես շատ եմ կարևորում պարտադիր կուտակային դեմ նախաձեռնությունը և բողոքի շարունակական ակցիաները, որոնք իսկապես օրեցօր էլ ավելի մեծ հասարակական զանգվածներ են կենտրոնացնում խնդրի շուրջ, խնդիր, որն իսկապես հակասահմանադրական է և հակասոցիալական և ոտնահարում է ՀՀ քաղաքացիների շահերը: Այն, որ բողոքի ակցիաները հարկավոր է շարունակական դարձնել, դա միանշանակ է, և ես ձեզ հետ լիովին համամիտ եմ, սակայն այս տարիների ընթացքում լավ ուսումնասիրելով այս իշխանությունների հոգեբանությունը, եկել եմ մի եզրակացության՝ սրանք զիջումների են գնում միայն այն ժամանակ, երբ ֆինանսապես ես դեմ տալիս պատին, ուստի բողոքի ակցիաների հետ համատեղ առաջարկում եմ այլ, ավելի էֆֆեկտիվ միջոցներով պայքարել հակասոցիալական երևույթի դեմ:
Վաղվանից երթուղային տրանսպորտից օգտվելիս ես վճարելու եմ ոչ թե 100 դրամ, այլ 50 դրամ: Այսպիսի քայլս նախ արդարացված է նրանով, որ այսօր քաղաքային տրանսպորտը գտնվում է ծայրաստիճան խայտառակ վիճակում՝ անվտանգության և սանիտարական առումով, և այսպիսի ժամկետնանց երթուղայիններին 100 դրամ վճարելն արդեն մեծ շռայլություն է: Իսկ ինչ վերաբերում է վարորդների նկատմամբ իմ քայլի ոչ այնքան օբյեկտիվ մոտեցմանը, ապա պիտի փաստեմ, որ նույն այդ վարորդները նույնպես պիտի դուրս գան պայքարի և պահանջեն քաղաքապետարանից և փոխադրողների միությունից շրջանառությունից հանել անվտանգության և սանիտարական տարրական պայմաններ չունեցող երթուղայինները, որոնք քաղաքի այս հատվածից այն հատվածը քաղաքացիներին տեղափոխելիս առնվազն 2 անգամ անսարքության պատճառով կանգնում են փողոցներում՝ քաղաքացիներին սառեցնելով այս սաստիկ ձմռան պայմաններում: Ոստի, իմ այս քայլը ես լիովին արդարացված եմ համարում և վաղվանից երթուղայիններից օգտվելիս վճարելու եմ 50 դրամ այնքան, մինչև լրանա 6,6 %-ը, և վաղը բողոքի ակցիային միանալու եմ արդեն իսկ 50 դրամ վճարած:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=222518631265081&set=np.25640069.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել