Հաւատով խոստովանիմ եւ երկիրպագանեմ քեզ, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, անեղ եւ անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց եւ մարդկան եւ ամենայն եղելոց. ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: 


Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սո՛ւրբ Հոգի, անստեղծ և անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ, ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: 


Արարիչ հրեշտակների և մարդկանց և բոլոր եղածների։ Արարիչ լինելը Աստվածային բնության մյուս կարևորագույն ստորոգելին է։ Առաջին երկու ածականները՝ անստեղծ և անմահ, հատկանշում են Աստծո գոյական հանգամանքը, իսկ Արարիչը՝ Նրա ուժական և գործող հանգամանքը։ Առաջին երկու ածականները հարաբերական են ժամանակին, իսկ Արարիչը՝ միջոցին, որի մեջ գոյություն ունեն, գործում և բարեշրջվում են եղած բաները։
Աստված նախ հրեշտակների Արարիչն է։ Հրեշտակների ստեղծման մասին պատմված չէ Աստվածաշնչի արարչագործության պատմության մեջ, սակայն նրանց գոյությունն ու գործունեությունը շարունակաբար ակնարկված է Սուրբ Գրքի սկզբից մինչև վերջը, Ծննդոցից մինչև Հայտնություն գիրքը։ «Հրեշտակ» մեր լեզվի մեջ նշանակում է պատգամ տանող, և իր այս հասարակ իմաստով գործածված է անխտիր՝ իբրև պատգամավոր՝ ուղարկված թե՛ մարդկանց համար և թե ՛ հոգեղեն էակների։ Հրեշտակ բառի այս իմաստը ճշտում է նրանց դերը և դիրքը արարչագործության մեջ։ Արդարև, հրեշտակները Աստծո սուրհանդակներն են, որոնք ուղարկվում են Նրա հրամանները և կամքը գործադրելու համար, ինչպես և հաստատում է Եբրայեցիների թղթի հեղինակը։ «Հրեշտակները,- ասում է նա,- սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորությունը նրանց, որոնք փրկությունը պիտի ժառանգեն» (1:14)։ Եվ արդարև, բազում տեղեր կան, թե՛ Հին, թե՛ Նոր կտակարանների մեջ, ուր հրեշտակները ուղարկվում են սպասավորելու համար Աստծո ընտրյալ ժողովրդին՝ թե՛ հին, թե՛ նոր եկեղեցու մեջ, ինչպես նաև Աստծո ընտրյալ մարդկանց՝ թե՛ հին և թե նոր Ուխտի մեջ։ Հրեշտակները երևացին և օգնեցին Աբրահամին և Մովսեսին, Ս.Կույսին և մինչև իսկ Հիսուսին, Պետրոսին և Պողոսին ու դեռ ուրիշ շատերին։
Հրեշտակների բնության մասին մեր իմացածն այն է, որ նրանք հոգեղեն էակներ են, մարդկանց նման օժտված՝ բանականությամբ և ազատ կամքով, և հետևաբար, նրանք լոկ ուժեր չեն, այլ՝անձնավոր էակներ։


Աստված հրեշտակներին ստեղծել է ոչ միայն իբրև հոգիներ, այլ ստեղծել է «կրակից». Աստված «քամիները հրեշտակներ դարձրեց իրեն, և կիզիչ հուրը՝ սպասավորներ» (Սաղմ. 103:4): Կրակի պատկերը հատկանշում է հրեշտակների արագաշարժությունն ու մաքրությունը:
Առհասարակ ընդունված է, որ հրեշտակների թիվը հազարավոր և բյուրավոր է. ոչ ավելանում են, ոչ էլ պակասում: Դարձյալ ընդունված է, որ նրանք զանազան դասակարգերի են բաժանվում՝ համաձայն իրենց պաշտոնների և ըստ՝ Աստծուն իրենց մերձավորության: Մեր շարականները թվարկում են հրեշտակային 9 դասակարգեր (տե՛ս Հրեշտակապետների և Երկրորդ Ծաղկազարդի Տեր Յերկնից շարականները): Ընդունված է նաև, որ ամեն ոք, հատկապես փոքրիկները, իրենց պահապան հրեշտակներն ունեն (Մատթ. 18:10): Կան հրեշտակապետեր, որոնցից երկուսը հիշատկված են Աստվածաշնչի մեջ՝ Գաբիրելը (Դան 9: 16Ղուկ. 1:19) և Միքայել (Դան. 11:13Հուդա 1:9Հայտն. 12:7)*:
Ինչպես մարդը, այնպես էլ հրեշտակներից ոմանք, մեղանչեցին և ընկան Աստծո շնորհքից և վտարվեցին նրա ներկայությունից: Այս մասին Հուդայի թղթի մեջ ասված է. «Հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանությունը, այլ լքեցին իրենց բնակության տեղը, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց դատաստանի մեծ օրվա համար» (Հուդա 6): Աստծո կողմից իրենց համար սահմանված իշխանությունը և դիրքը չպահող, և ամբարտավանելով ավելի մեծ իշխանության ձգտող այս հրեշտակները կորցրեցին նաև իրենց ունեցած դիրքը և վերածվեցին սատանաների, որոնք աշխատում են ամեն միջոցներով մարդկանց էլ իրենց վիճակին իջեցնել՝ նրանց փորձության և մեղքի մեջ գցելով: Պողոս առաքյալը չարության դև է կոչում «հրեշտակ-սատանային», Պետրոս առաքյալը ավելացնում է. «Ձեր ոսոխը՝ սատանան, առյուծի պես մռնչում է, պտտում է և փնտրում, թե ում կուլ տա» (Ա Պետր 5:8):

Աստված Արարիչն է նաև մարդկանց: Մարդու ստեղծումը իր մանկական պարզության և գրավչությամբ, պատմվում է Աստվածաշնչի առաջին էջերի մեջ: Այդ էջերը մի կողմից ծածկում են ստեղծագործության հրաշալի երևութի՝ այսպես ասած իրական երեսը, մյուս կողմից, սակայն, հայտնում են այս վսեմ և անպատմելի արարչական գործընթացի՝ այսպես կոչված խորհրդանշական երեսը: Այս կապակցությամբ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ կարող ենք կրնկնել. «Գոհությո՜ւն քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի և երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին» (Ղուկ. 10:21): Արդարև աշխարհի «իմաստունները և գիտունները» իրենց ծովածավալ գիտությամբ դեռ ստույգ չգիտեն, թե մարդն ինչպե՛ս և երբ է հայտնվել երկրագնդի վրա. այս մասին իրենց ասածները հասարակ վարկածներ են՝ հաճախ մեկը մյուսին հերքող: Իսկ Ավետարանի «մանուկները» գիտեն, թե ի՛նչ կերպով է ի հայտ եկել մարդը. «Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց։ Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ.1:26-28): Ավելին «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, և մարդն եղավ կենդանի էակ» (Ծննդ. 2:7): Մարդու ստեղծման և բնության մասին բավական է այսքանը իմանալը, որովհետև էականն այսքանն է. մարդը ստեղծված է Աստծո կողմից, ըստ Նրա պատկերի,ստեղծված է մեր երկրագնդին իբրև իշխան և նրա մեջ կա մասնիկը Աստծո անմահ շնչից, որը նրան վերածում է անմահ հոգու: Սրանից ավելին, եթե մարդու կազմախոսության մասին է, մարդու ծանոթության սահմանների մեջ է, իսկ եթե մարդու ծագման և սկզբի մասին է, անկայուն վարկած է լոկ:


Աստված ինքնին «Անեղ» է (չստեղծված), բայց ստեղծիչն է բոլոր եղյալների, որոնց մեջ են ոչ միայն մեր երկրագնդի մեջ եղածները, այլ նաև արևն ու լուսինը, աստղերն ու մոլորակները և ամբողջ տիեզերքի պարունակությունը: Իր անվանն արժանի որևէ գիտնական կամ իմաստասիրական դրություն չի կարող ասել որ, որ բնությունը պատահականության կամ բախտի արդյունք է: Պարկեշտ գիտնականը կամ իմաստասերը, եթե չուզի հայտարարել Աստվածաշնչական ճշմարտությունը, միակ հաստատումը, որ կարող է անել տիեզերքի ծագման մասին, խոստովանելն է, թե «չգիտենք»: Որովհետև «գիտնականները» իրապես չգիտեն, թե նյութ ասվածը ինչպե՛ս է ի հայտ եկել. չգիտեն, թե անկենդան նյութի մեջ ինչպե՛ս է կյանք մտել, չգիտեն թե կյանքի մեջ որտեղի՛ց է զգացականություն և բանականություն մտել: Հնարավոր է այս երևույթները վերլուծել, մասերի բաժանել, նրանց գործելու օրենքներին վերահասու լինելու, բայց երբեք համոզիչ կերպով մեկից մյուսին անցման օղակը պիտի չկարողանան գտնել կամ բացատրել, որովհետև նրանք ստեղծում են:


Ուրեն Աստվածն Արարիչն է բոլոր ստեղծվածների, այդ թվում և կյանք ու բանականություն ունեցող էակների: Գիտական հավաստում արած չեն լինի բոլոր նրանք, որ մերժում են Աստծո գոյությունը և տիեզերքի Արարիչ լինելը, քանի որ այն ժխտելու ապացույց չունեն: Մինչդեռ իրենց իսկ պնդմամբ պարկեշտ գիտությունը հավաստում պիտի անի՝ հիմնվելով լոկ հաստատված իրականության վրա: Երբ քրիստոնյաներս մեր խոսքը ուղղում ենք Աստծուն և ասում. «Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ....Արարիչ բոլոր արարածների», չենք հավակնում ու փափագում «գիտական». հավաստում անել, այլ զուտ՝ դավանական: Նույնպես և բոլոր նրանք, որ հանդգնում են ասել. «Չենք հավատում ու չենք խոսովանում, որ Աստված կա, ոչ էլ հավատում ենք, որ համագույքը Աստծո կողմից է ստեղծված», թող իմանան, որ կրոնական հավաստում են անում, և ոչ թե գիտական: Թող ոչ ոք չպարծենա գիտության անունից, երբ ուրանում է Աստծո գոյությունը և արարչությունը, որովհետև ոչ ոք չի կարող փաստել Աստծո՝ այսպես ասած չգոյությունը, ոչ էլ Նրա Արարիչ չլինելը: Լոկ տգետները կարող են խափել տգետներին գիտության անունով: Ճշմարիտ գիտոթյունը ուրիշ բան չէ, եթե ոչ Աստծո ստեղծագործությունը բացատրելը, գտնել բնության մեջ թաքնված ուժեր և օրենքներ և դրանք կիրառել մարդկային կյանքի առավել բարօրության համար:


«Ողորմի՛ր քո արարածներին». առաջին տան մեջ միակ խնդրանք է: Գրեթե մեր բոլոր տպագրված ժամագրքերի մեջ այս խոսքին հաջորդում և «և ինձ բազմամեղիս» վերջավորությունը թե՛ այս տան, թե՛ բոլոր տների ավարտին: Սակայն թերևս ավելի ճիշտ է ընդունել, որ առաջին այս տունը վերջանում է լոկ արարածների վրա Աստծո ողորմությունը հայցելով, իսկ երկրորդ տան մեջ՝ լոկ աղոթավորների համար Աստծո գութը խնդրելով, և ապա հաջորդ տների մեջ՝ երկուսի համար ևս:

Ողորմիր քո արարածներին համապարփակ այս խնդրանքը արտահայտությունն է քրիոտոնեական ազնվագույն հոգու, որ մարմնացած է Շնորհալու և մեր ժողովրդի հավատավոր զանգվածի մեջ. նախ աղոթելը ուրիշի համար, և ապա աղոթել բոլոր արարածների համար, արդարև, մեծ և մաքուր հոգու նշան է։ 
Մեզ և ուրիշների համար Աստծու ողորմությունը հայցելով՝ ուզում ենք ասել, որ ենթական իր արժանիքով կամ արդարության օրենքով չէ, որ Աստծո շնորհքին ու պարգևներին է արժանանում,այլ լոկ Աստծո ողորմությամբ։ Աստծո ողորմությունը հայցելու այս գաղափարը շատ շեշտված է քրստոնեական եկեղեցու մեջ, այն աստիճան, որ «Տէր ողորմեայ» մաղթանքը եկեղեցու գերազանց և ամենից շատ կրկնված աղոթքն է։ Լինենք մենք, լինեն հույները կամ մյուս եկեղեիները, երբեմն անհատնում կերպով կրկնում ենք՝ «Տէր ողորմեայ, Տէր ողորմեայ, Տէր ողորմեայ...», «Քիրիե էլեյսոն, Քիրիե էլեյսոն, Քիրիե էլեյսոն»: Սրանով եկեղեցին, սակայն, ոչ սակավահավատության նշան է ցույց տալիս, ոչ էլ՝ Աստծուն է ձանձրացնում, այլ լոկ՝ հաստատում է իր ամբողջական կախումը Աստծուց և իր անկարողությունը՝ իր անհատական ուժերով մեղքի ճահճից դուրս գալու, և շեշտում է այն իրողությունը, թե հոգեկան զորությունը և շնորհքները իջնում են Աստծո ողորմությունից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել