1in.am-ը գրում է.

Հունվարի 14-ին Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Տոկիոյում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահ Իչիկավա Մասակազուի հետ, որի ընթացքում քննարկվել են Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր: 

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Սերգեյ Մանասարյանի հաջորդ հանդիպումը Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Տակեակի Մացումոտոյի հետ էր: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են հայ-ճապոնական խորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերին՝ կարևորելով Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի վերջնական կազմավորումն ու փոխայցելությունների իրականացումը:

Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Հիրոտակա Իշիհարայի հետ կայացած հանդիպմանը երկուստեք արդյունավետ են գնահատվել Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարությունների միջև անցկացված քաղաքական խորհրդակցությունները: 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել այսուհետ ևս շարունակել համագործակցությունը հայ-ճապոնական հագեցած օրակարգի ձևավորման և հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել