1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում 12-ամյա դեռահասը, ով անցած երեքշաբթի Ռոզուել քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում հրաձգություն էր կազմակերպել, մանրամասնորեն պատրաստել էր հարձակումը և նույնիսկ ընկերներին նախազգուշացրել էր վտանգի մասին: Այս մասին լրագրողներին պատմել են տղայի համադասարանցիները, որոնց անունները, հետաքննության գաղտնիությունից ելնելով, չեն հրապարակվում, փոխանցում է Los Angeles Times հրատարակչությունը:

Դեպքից մի քանի օր առաջ դեռահասն ասել էր ընկերներին, որ նրանք հաջորդ օրը առավոտյան սպորտդահլիճ չմտնեն, որտեղ էլ նա հետագայում կրակ էր բացել՝ ծանր վիրավորելով 12-ամյա մի աղջկա և 13-ամյա մի տղայի: 

Դրանից բացի, անցած կիրակի, ընկերների խոսքերով, տղան սոցցանցերում հաղորդագրություն էր թողել այն մասին, որ հաջորդ օրը պատրաստվում է «ուրախանալ»: Սակայն հաջորդ օրը տեխնիկական պատճառներով դպրոցը փակ է եղել, և տղայի պլանները հետաձգվել են: 

Երեքշաբթի առավոտյան դեռահասը գաղտնի սպորտդահլիճ է մտել, որտեղ 500 երեխաներ են եղել: Նա հասցրել է երեք անգամ կրակել: Առաջին գնդակը հատակին, երկրորդը առաստաղին է դիպել, իսկ երրորդը դպրոցականների ուղղությամբ է գնացել: Դրանից հետո ուսուցիչը համոզել է տղային զենքը իրեն տալ, և հրաձիգին ոստիկանությունը ձերբակալել է: 

Չորեքշաբթի օրը տղան տեղափոխվել է Ալբուկերկի հոգեբուժական կլինիկա, որտեղ մասնագետները փորձում են որոշել, թե ինչու է դեռահասը բռնության դիմել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել