«Այսօր մեր լրատվական դաշտը հեղեղված է կիսաճշմարտություններով»Media.am-ը գրում է.
«Մեր հասարակությունը բազմաշերտ է, իսկ հեռուստատեսությունն այն միաշերտ է սարքում: Ընկալվում է միայն իշխանություն-ընդդիմություն հակադրությունը, իսկ բազմազանության այլ ազդակներ եթերում պարզապես չենք տեսնում »

«Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» եւ «Հայկական ուրբաթ» հաղորդաշարերի հեղինակ Պետրոս Ղազարյանը գտնում է, որ հայաստանյան հեռուստատեսության առանցքային խնդիրը կյանքը «քառակուսի» ներկայացնելու ձգտումն է:

Նրա կարծիքով՝ ներքին տաբուների համակարգը լրագրությունը դարձնում է հեշտ, անվտանգ զբաղմունք ու մեծ հաշվով՝ իմիտացիա:

Ինչպե՞ս կարելի է բնութագրել այսօրվա հայաստանյան հեռուստատեսության գլխավոր խնդիրը, այն շարունակու՞մ է գլխավոր մեդիան համարվել:

Հեռուստատեսությունը մի քանի շատ պարզ ֆունկցիաներ ունի. նախ՝ պիտի տեղեկացնի, հետո տարբեր մտքերի, գաղափարների քննարկման, բախման հարթակ լինի: Նաեւ լուսավորչական դեր կատարի ու զվարճացնի:

Թե այս հիմնական ֆունկցիաներից որոնք է կատարում մեր հեռուստատեսությունը, դժվար է ասել: Ինձ թվում է՝ ամեն տեղ էլ թերանում է: Լուսավորչական, կրթական ծրագրեր անելու համար շատ մեծ ինտելեկտուալ ներուժ է պետք, որը մենք չունենք եւ այն, ինչը կա դաշտում, մեծ մասամբ անճաշակ է: Զվարճալի հաղորդումների ցածր մակարդակի մասին շատ է խոսվել, չեմ ուզում կրկնել:

Երեւի ամենակայացածը, բայց միեւնույն ժամանակ ամենաքննադատվողը, լրատվական դաշտն է:

Քանի որ միատեսա՞կ, միակարծի՞ք ու միահամու՞ռ է..

Չեմ կարծում, որ միակարծիք է: Թեեւ, իհարկե, մեր ցանկության չափ բազմակարծիք էլ չի:

Բայց ամենավատն այն է, որ հեռուստատեսությունը տարբեր գաղափարների խմորման ու բախման հարթակ չէ: Ընդ որում՝ տարբեր գաղափարներ ասելով՝ ես նկատի չունեմ միայն իշխանության ու ընդդիմության բախման ֆորմատը: Եվ որքան էլ փորձենք մեր կյանքը քառակուսի սարքել, միեւնույն է, այն բազմազան եղել է եւ այդպես էլ մնալու է:

Սոցիալական տարբեր խմբերի, շերտերի պրոբլեմները, հակասությունները, ցավոք, մեր եթերում չկան: Իրականում շատ մարդիկ փոքրամասնություն են (նկատի չունեմ սեռական կամ կրոնական, ավելի շուտ՝ մտքի), եւ նրանց տեսակետների բախումը հեռուստատեսությամբ չի երեւում: 

Կարծում եմ՝ պատճառը հեռուստաընկերություններում առկա ներքին տաբուների համակարգն է, որը ոչ թե իշխանությունները, այլ մենք ինքներս ենք ստեղծել: Այդ ներքին տարբուներն, իհարկե, քաղաքական տաբուների շարունակությունն են եւ լուռ համաձայնեցված են հասարակության հետ:

Բայց եթե հեռուստատեսության աշխատողներն ու սեփականատերերը դա զգում են, կարող են նաեւ փոխել իրավիճակը: 

Ոչ ոք էլ դա չի զգում, ընդհակառակը՝ ասում են, որ ամեն ինչ շատ լավ է:

Տպավորություն է, որ բոլոր ալիքները ենթադրյալ ազգային անվտանգության պահապանն են եւ մեկ ընդհանուր, շատ մակերեսային գիծ են առաջ տանում:

Իսկ ո՞վ է դա որոշում: Միգուցե պետական անվտանգության պե՞տը... Ո՛չ, իհարկե, ոչ ոք մեր փոխարեն դա չի որոշում, դա հասարակության ընդհանուր կոնսենսուսի արդյունք է: Որեւէ մեկին չի ասվում, որ, ասենք, այս թեման այլեւս չի կարելի եթերում արծարծել:

Խնդիրն այն է, որ մեր հասարակությունը բազմաշերտ է, իսկ հեռուստատեսությունն այն միաշերտ է սարքում: Ընկալվում է միայն իշխանություն-ընդդիմություն հակադրությունը, իսկ բազմազանության այլ ազդակներ եթերում պարզապես չենք տեսնում:

Եթե ուզում ենք որակյալ հեռուստատեսություն ունենալ ու կարեւորում ենք այն, հարկավոր է խոշոր գումարներ ներդնել: Իսկ հիմա մենք ունենք այն, ինչ ունենք:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել