1in.am-ը գրում է.

Անցյալ տարի Իրանի շուրջ զարգացումներն անսպասելի հունով ընթացան. միջուկային ծրագրի շուրջ այդ երկիրը համաձայնության եկավ Վեցյակի հետ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ինչ վերաբերում է «Ժնև-2»-ին Իրանի մասնակցությանը, ապա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանը կմասնակցի սիրիական խնդրի կարգավորմանը՝ չկոնկրետացնելով՝ կմասնակցի՞ արդյոք այդ երկիրը բուն համաժողովին: 

Բացի դրանից՝ նկատելի է մի հետաքրքիր իրադրություն. նոր տարում Իրանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ձգտում է հասնել որոշակի նոր որակի: Դա արվում է Արևմուտքի հետ բանակցություններին ընդառաջ՝ ցույց տալու, որ Իրանը կարող է դաշնակցել նմանօրինակ հզոր երկրի հետ: 

Ինչ վերաբերում է Իրանի տարածաշրջանային դերին, ապա այդ երկիրը մնում է կայունության գլխավոր կենտրոնը: Իրանի դերի բարձրացմամբ և Սաուդյան Արաբիայի գործոնի թուլացմամբ Մերձավոր Արևելքում նոր զարգացումների պետք է սպասել: Իրանի ազդեցությունը հսկայական է Լիբանանում և Սիրիայում, հավակնում է ավելի հզորանալ Աֆղանստանում, ինչու ոչ՝ Պարսից ծոցում: Տարածաշրջանում ԱՄՆ պատերազմներից, հեղափոխություններից ու գարուններից հաղթող դուրս եկավ Իրանը: 

Ժամանակին մի թևավոր խոսք կար. ԱՄՆ-ը պատերազմում է Իրաքում, սակայն հաղթող է դուրս գալիս Իրանը: Անկախ ամեն ինչից՝ Իրանը կայսերական մտածողության ժողովուրդ և իշխանություն ունի և ցանկացած պարագայում չի կարող խամաճիկ լինել որևէ երկրի ձեռքում»,- ասաց իրանագետը:

Անդրադառնալով հայ-իրանական փոխհարաբերություններին՝ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ դրանց լուրջ վնաս են հասցնում հատկապես Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները: «Չնայած սրան՝ Հայաստանն ու Իրանը օգտագործում են սերտ համագործակցության բոլոր հնարավոր ուղիները: Հայ-իրանական հարաբերությունները օբյեկտիվորեն չեն կարող վատ լինել, եթե կողմերից մեկը անսպասելի քայլեր չկատարի: Երկու երկրների հաարբերություններն այնքան լավ են, որ հնարավոր չէ ասել՝ էլ որ ոլորտում պետք է դրանք լավացվեն: Միաժամանակ, երկկողմ հարաբերություններում առկա է բաց՝ պատմամշակութային տեսանկյունից: Հայաստանում լավ չեն ճանաչում Իրանը, և հակառակը՝ Իրանում Հայաստանը: Այս խնդիրը պետք է փորձել լուծել»,- ասաց իրանագետը:

Ամփոփելով՝ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ տարածաշրջանային զարգացումները տանում են նոր Մերձավոր Արևելքի ձևավորման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել