Ամենաերկարակյաց մարդը համարվում է չինացի Լի Ցինյունը: Համարվում է, որ նա ծնվել է 1677թ.-ին և մահացել է 1933թ.-ին, իսկ դա նշանակում է, որ նա ապրել է 256 տարի: Կյանքի մեծ մասը նա անցկացրել է լեռներում և հավաքել է բուժիչ խոտաբույսեր: Այս հոդվածում ներկայացված են այն երկարակյացները, ում տարիքը հստակ ճշտված է և կփորձենք պարզել նրանց երկարակեցության գաղտնիքը:
Ժաննա Լուիզա Կալման, 122 տարեկան, Ֆրանսիա

Ժաննա Լուիզա Կալմանը ծնվել է 1875թ.-ին, մահացել է 1997-ին: Նա ապրել է 122 տարի և 164 օր, և համարվում է պատմության ամենաերկարակյաց կինը, ում ծնվելու և մահվան տարեթվերը հստակ հայտնի են:
Ժաննա Լուիզան ակտիվ կյանք է վարել, 85 տարեկանում նա սկսել է զբաղվել սուսերամարտով, 100 տարեկանում հեշտությամբ հեծանիվ է քշել: Հաշվի առնելով, թե որքան երկար կյանք է նա ունեցել, կարելի է պատկերացնել, թե որքան պատմական իրադարձությունների է ականատես եղել: Օրինակ, Ժաննան իր աչքերով տեսել է Վան Գոգին, երկու Համաշխարհային պատերազմներ է վերապրել, իսկ 113 տարեկանում գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես Մոլորակի ամենատարեց մարդը: Ի դեպ, նրա հարազատները նույնպես բավականին երկար են ապրել: Եղբայրը ապրել է մինչև 97 տարեկան, հայրը՝ 99, մայրը՝ 86:
Սարա Կնաուսս, 119 տարեկան, ԱՄՆ

Այս ամերիկուհին ծնվել է 1880թ.-ի սեպտեմբերի 24-ին, մահացել է 1999թ.-ի դեկտեմբերի 30-ին: Նա պատմության երկրորդ ամենատարեց անձնավորությունն է, ում տվյալները նույնպես հստակ հայտնի են: Սարան ապրել է 119 տարի 97 օր:
Հայտնի է, որ Սարան շատ հանգիստ և զուսպ անձնավորություն էր, և միգուցե հենց դա է նրա երկարակեցության գաղտնիքը: Կնաուսսը կարողացել է դիմակայել 7 ամերիկյան պատերազմների, Մեծ դեպրեսիային, ամուսնու մահվանը՝ 64 տարվա ամուսնությունից հետո:
Միսաո Օկավա, 115 տարեկան, Ճապոնիա

Միսաոն ծնվել է 1898թ.-ի մարտի 5-ին: Նա համարվում է ներկայումս ապրող աշխարհի ամենաերկարակյաց կինը: Նա 115 տարեկան է: Գինեսի ռեկորդների գիրքը նրան պաշտոնապես այդպիսինն է համարել և հանձնել է համապատասխան վկայագիրը:
Իր երկար կյանքի ընթացքում հայտնի ճապոնուհին միայն մեկ անգամ է ամուսնացած եղել: Ամուսնու հետ նրանք երկու դուստր և մեկ որդի ունեին: Նրանց բոլորի տարիքը անցնում է 90-ը: Իսկ ինքը՝ Միսաոն, ապրում է ծերանոցում:
Եվա Մորիս, 114 տարեկան, Անգլիա

Եվա Մորիսը ծնվել է 1885թ.-ին, իսկ մահացել է 2000թ.-ի նոյեմբերի 2-ին: Նա ապրել է 114 տարի և 360 օր: Այդ ժամանակ նա համարվում էր աշխարհի ամենատարեց անձնավորությունը:
Եվան բավականին ակտիվ կենսակերպ էր վարում, սիրել է հեծանիվ քշել, սակայն ըստ Եվայի խոսքերի, նրա երկարակեցության գաղտնիքը եղել է ամենօրյա մեկ բաժակ վիսկին և եփած սոխը: Դրանք այն կանոններն էին, որոք Եվան մինչև մահ չէր խախտել:
Դժբախտաբար, նրա երկար կյանքն անցել է հիմնականում միայնության մեջ: Նա շատ վաղ այրի է դարձել (1930թ.), իսկ միակ որդին մահացել է քաղցկեղից՝ 70-ական թվականներին:
Իր ողջ կյանքը Մորրիսը սպասուհի է աշխատել, իսկ 107 տարեկանում տեղափոխվել է ծերանոց:
Ձրիոեմոն Կիմուրա, 116 տարեկան, Ճապոնիա

Այս ցուցակի միակ տղամարդը Ձրիոեմոն Կիմուրան է: Նա ծնվել է 1897թ.-ի ապրիլին, մահացել է 2013թ.-ին: Կիմուրան համարվում է պատմության ամենատարեց տղամարդը, ում տվյալները հստակ հայտնի են:
Նա 45 տարի փոստատար է աշխատել, իսկ թոշակի անցնելուց հետո մինչև 90 տարեկանը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով: Կիմուրան բացատրում է երկարակեցության գաղտնիքը ֆիզիկական ակտիվությամբ և ճիշտ սննդակարգով: Նա ասում է. «Պետք է չափի մեջ ուտել, որքան էլ որ ուտելիքը համեղ չլինի»:
Ձրիոեմոն Կիմուրան բազմազավակ հայր է: Նա 7 երեխա ունի, ինչպես նաև 14 թոռ և 25 ծոռ: Նա մահացել է թոքաբորբից՝ 116 տարեկան 54 օրական հասակում:



