Որոնք են լինելու վաղւայ Հայաստանի սահմանները:
- Անոնք, որ պիտ գծեն հայ զինւորի արիութիւնն ու հայրենասիրութիւնը:
Ուիլսըն, բախտ, հայկական սւին - սրանցից միայն վերջինի գծած սահմանները կը լինեն իրական եւ կայուն:
ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ 
Գերազանցիր նախորդներիդ: Կռուիր այնպէս, որ քո ընթացքով հեշտացնես քեզնից յետոյ միեւնոյն նպատակի համար կռուողների գործը. ահա մարտերի եւ մարտիկի բարոյական իմպերատիվը:
Զօրավիգ ունենալով նախահայրերի ոգին` յոգնութիւն չգիտեն ռազմիկը` կռւում, կուլտուրայի մշակը` խաղաղութեան մէջ:
Հայը կռւում է աննահանջ եւ սխրագործում աւելի իբրեւ կամաւոր, քան պարտադիր ծառայութեան զինուոր:
Նրա սրտովը չէ` գործել հրամանով, իսկ մեռնել հրամանով` բնաւ:
Գոյութիւն ունեն երկու տեսակ զինուորներ` մէկը, որ կռւում է, միւսը, որին կռւեցնում են:
Կռուադաշտում նմանիր առիւծին, որը քնում է բաց աչքերով:
Կռւում ճանաչիր մի հատիկ սահման՝ անկարելին:
Աւելի հեշտ է մշակել, քան պաշտպանել հայրենի երկիրը:
Լաւ մշակ, լաւագոյն մարտիկ, այդպիսին եղիր դու:
Միայն նմանի հայրենիքն է սանձուած պահում արտաքին ընչաքաղցութիւնը:
Զինուորն աւելին է, քան քաղաքացին, որը իր պարտականութիւններից աւելի իրաւունք է փնտրում:
Զինուորը` հայրենիք` մօր առաջին զաւակը, իբրեւ մարդ եւ մարտիկ, ճանաչում է միայն մի հատիկ իրաւունք` մարտնչել ու մեռնել հայրենիքի համար: Գիտես, ով այդպիսին չէ` զինուոր չէ:
ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
Ոգեշունչ է հայ ռազմիկը եւ այդ է պատճառը, որ նա Արեւելքի լաւագոյն պարտիզանն էր, է եւ այսօր, որ նա շատ անգամ սակաւաձեռն ոյժերով հսկայաթիւ բանակների դէմ է ճակատել, որ կռիւներ է վարել ամենադժուարին պայմանների մէջ` կէս-կուշտ, կէս-քաղցած, առանց նւազագոյն տեխնիք միջոցների, առանց զինակիցների, մենակ ու յաճախ` իսպառ կտրւած աշխարհից:
Հայրենիք պաշտպանել վաղը կարող են նրանք միայն, որոնք մինչեւ այդ վաղը հոգեպէս կը զինւեն Տարօնականութեամբ, այսինքն` Մամիկոնեան մեր հրաշունչ ռազմիկներէն կը սովորեն ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժէ մեռնել, եւ մեռնել այն բանի համար, որի համար արժէր ապրել:
ՑԵՂԻ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ԶԷՆՔԸ
Զինւորը, այդ էլ լաւ հասկանանք, - չէ խարխափում երբեք. նա կամ քաջաբար կռւում է, կամ էլ դասալքում: Զինւորի համար ճշմարիտ է միայն այն դաւանանքը, որը նրան բարոյական ոյժ եւ արիութիւն է տալիս կռւելու եւ կարիքի դէպքում մեռնելու հայրենի երկրի համար:
ԻՆՉՈՒ ՏԱՐՕՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ
Էապէս ոչինչ է անում այն ժողովուրդը, որն իր նիւթական զէնքերի հետ միաժամանակ, չի կատարելագործում նաեւ իր զինւորը:
Լաւ բան է անշուշտ, մի հատիկ զէնք աւելի ունենալ, բայց ոչինչ բան է հազարներով իսկ աւելի ունենալը, եթէ ռազմիկին վարողը մահւան գաղափարի հետ հաշտւած հերոսական ոգին չէ:
ՄԵՌՆԵԼՈՒ ԿԱՄՔ
Բաւական չէ իր ազգի զաւակը լինել, պէտք է նաեւ նրա հրաշունչ զինուորը լինել:
Կենսաբանօրէն անբարոյական է այն ժողովուրդը, որի մէջ զինուորը ներքին թշնամիներ ունի:
Տէր, առաջնորդիր ինձ դէպի յաղթանակ` թէկուզ մահուան ճամբաներով - ահա ցեղապսակ զինուորի աղօթքը ճակատամարտից առաջ:
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ
Պարտուողական է զինուորը` այլեւս նա հեռացած է իր սրբազան առարկայից - հայրենիքից, եւ վաղն իր ուրացումը կարող է դաւաճանութեան հասցնել:
ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ ՄԸ ԶՕՐԱՎԱՐ Գ. ՆԺԴԵՀԻ ՀԵՏ
Զէնք կրել` չի նշանակում ճշմարիտ զինուոր լինել: Զէնքը չէ մարդս զինուոր դարձնողը: Կայ մի այլ բան - ոգին, մարտական խմորը, արիութիւնը, հայրենի հողի զգացումը, սրբութեան զգացումը, իր կեանքէն աւելի իր դրօշակը սիրելու եւ նրա համար ամէն վայրկեան մեռնելու յոժարանքը:
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ – ՑԵՂԸ ԵՎ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 
Իմ զինվորը գիտեր իր երկրի պատմությունը: 
Նա գիտեր եւ այն, որ դարերի անվերջ կռիվներով ու զոհերով պահված երկիրը թշնամու պղծանքին հանձնող սերունդը զրկվում է ապրելու իր բարոյական իրավունքից:
ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅԱՄԱՐՏԸ
Առաջինը եղիր հարձակման, վերջինը՝ նահանջի ժամանակ: 
Քաջերին, միայն քաջերին է լսում եւ զորավիգում պատերազմների քմահաճ աստվածը: Վախկոտներն իզուր են կանչում նրան: Ով է նա նրանց համար: 
Քեզ վրա նայիր, որպես դատապարտվածի, որ հանուն իր երկրի ու ժողովրդի պաշտպանության պիտի միշտ էլ պատրաստ լինի ընդունելու գեղեցիկ մահը:
Ունեցիր բոլոր մարտական առաքինությունները, բայց մի մոռացիր, որ առաջին առաքինությունը, առանց որին պատերազմների քմահաճ աստվածը քիչ անգամ կժպտա քեզ, դա խիզախությունն է:
ԱԶԱՏ ՍԻՒՆԻՔ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել