Tert.am-ը գրում է.

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը պատասխանելով հարցին, թե հնարավոր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, ավելի կոնկրետ՝ վարչապետի պաշտոնին, ասաց. «Ումո՞վ պետք է վերադառնա, ի՞նչ քաղաքական ուժով»:

Մասնավորեցնելով ասաց, թե երբ Լևոն Տեր-Պետրոսյանն է հայտարարությունով հանդես գալիս, դրան հաջորդում են հարյուրավոր համախոհների արձագանքներ, մեկնաբանություններ, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում նման բան տեղի չունեցավ. «Դուք տեսնո՞ւմ եք մեկին քաղաքական դաշտում, որ նրան պաշտպանի: Տիգրան Սարգսյանին իր վերլուծություններից հետո պաշտպանողներ եղան, իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ ոչ»:

Վլադիմիր Կարապետյանն ասաց, թե այս ամենը ժողովրդին շեղելու փորձեր են. «Սակայն մեզ մեր ուղուց չեն շեղելու, չեն կարող շեղել»:

Անդրադառնալով հունվարի 18-ին տեղի ունենալիք հանրահավաքին, Վլադիմիր Կարապետյանը համոզմունք հայտնեց, թե հեռանկար տեսնում է, որ խորհրդարանական ընդդիմության և նրանց միացած ուժերի համախմբումը դրական տեղաշարժ առաջացնի երկրի ներքաղաքական կյանքում:

Խոսելով արտաքին քաղաքականության հնարավոր մարտահրավերների մասին, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, թե պետք է ձևավորվի դրական միջավայր՝ երկրի և բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

«Սերժ Սարգսյանի իշխանության 6 տարիների ընթացքում առհասարակ որևէ բան չի արվել՝ մեր հարևան պետությունների հետ փակուղին ճեղքելու առումով»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը՝ ավելացնելով, թե անցած տարվա ընթացքում ավելի քան 2 անգամ պակասել են երկրում կատարված ներդրումները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել