Էրեկ էս թեման քննարկում էինք, որոշեցի էս մեկնաբանությունս առանձին դնեմ, որ չմոռանամ (նշեմ, որ հիմնականում Երեւանի մասին կխոսեմ, չնայած հանրապետական մասշտաբի խնդիրներ են)։ Էս էսքիզային գրառում ա, կիսատ-պռատ, բայց մոտավորապես սենց:
Քոչարանի ժամանակների շինարարական բումը քննարկելուց, մի կարեւոր հանգամանք ենք մոռանում․ այդ ամբողջ շինարարությունը որպես քաղաքաշինական նպատակ եւ ծրագիր, կարելի է ասել՝ պետք չէր, քանի որ.
- Իրականում չլուծեց բնակֆոնդի հարցը, քանի որ «էլիտար էր» 99 տոկոսով, որպես հետեւանք տարօրինակ իրավիճակ ունենք. մի կողմից լիքը դատարկ տներ եւ բնակարաններ (քանի որ շատերը արտագաղթել են), մյուս կողմից մարդիկ, որոնք ահռելի բնակելի մակերեսների տեր են, որը իրենց առանձնապես պետք էլ չի, ոչ էլ եկամուտ ա բերում, իսկ էն մյուս կողմից շատ լուրջ բնակարանային խնդիր, 1-2-3 անհարմար սենյականոցներում խցկված ապրող բազմաթիվ բարդ կազմով ընտանիքներ։ Ի դեպ, որպես այդպիսին հիպոտեկա երբեք Հայաստանում չի եղել, եղել են քիչ թե շատ լավ կամ վատ պայմաններով վարկեր, բայց ոչ երբեք հիպոտեկ վարկավորում էն իմաստով, որը կա, ասենք, Արեւմուտքում։
- Պետությունը ամբողջ ընթացքում հսկայական փողեր ա ծախսել, մշակվել են գլխավոր հատակագծեր, որոնք դեռ մշակման ընթացքում արդեն հնացած էին թե՛ գաղափարապես, թե՛ ձեւով։ Ու փաստորեն, շինարարության մեծ մասը կատարվել է տեղական առանձին լուծումների հիման վրա, առանց հստակ քաղաքաշինական հիմնավորման եւ ոչ որպես ապագա զարգացման մտածված ծրագրի հատված։ Որպես հետեւանք, բազմաթիվ անհրաժեշտ ծրագրեր այլեւս կամ հնարավոր չի լինի իրականացնել, կամ շատ բարդացել է վիճակը։
- Հասարակական նշանակության, այսինքն ապագայում պոտենցիալ բիզնեսի համար կառույցներ գրեթե չկառուցվեցին, հասարակական օգտագործման բազմաթիվ տարածքներ մանրացվեցին, տրոհվեցին, կառուցապատվեցին։ Բարեբախտաբար, նորակառույցները մոտակա ժամանակներում չեն բնակեցվի ամբողջ ծավալով, միայն դա է փրկում Երեւանի կենտրոնը կոլապսից, եւ միայն այդ պատճառով դեռ պետք չէ լուծել մի շարք հարցեր, օրինակ, որտե՞ղ են սովորելու այդ շենքերում ապրող երեխաները եւ այլն:
- Գրեթե չստեղծվեց նոր ինֆրաստրուկտուրա։ Ինձ հիշեցրեցին Լինսի եւ Հազարամյակների կառուցած ճանապարհները (ընդ որում, լուրջ հանգույցներ կարելի է մատների վրա հաշվել, մնացածը եղած ճանապարհների ռեմոնտ էր ընդամենը), բայց Լինսն էլ, Հազարամյակն էլ ես չեմ հաշվում, դրանք ծրագրեր էին, որոնք էսօր էլ կարային աշխատեին, եթե ուրիշ կարգի խնդիրներ չլինեին, դրանք (անունը դնենք բարեգործական) ծրագրեր էին, էն էլ վարի տվին, ոնց որ նաեւ կիսատ մնացած Կասկադի թանգարանը եւ այլն։ Ես համոզված եմ, որ եթե քաղաքաշինության ոլորտը թափանցիկ եւ արդար լիներ, նման բարեգործական ծրագրերը միշտ էլ կաշխատեին, լիքը մարդ կա, որ նույնիսկ հավեսի համար պատրաստ ա մի բան կառուցել, եթե չեք հավատում, ուրեմն լավ տեղյակ չեք։
Իսկ իրականացված քաղաքաշինական նախագծերը միայն ավելի վատացրեց էղած ենթակառուցվածքի վիճակը, քանի որ մեծամասնությամբ նստացվեցին փոքր կենտրոնի էղած արդեն մաշված ու գերբեռնված գծերի վրա։
Հետո էլ ինֆրակառուցվածք ասելով՝ մենակ ճանապարհների մասին չի խոսքը. մետրոն մնաց, աէրացիան մնաց, աղբը մնաց, վերգետնյա տրանսպորտը մնաց, երկաթգիծը՝ ստից-մտից, ջուրը մինչեւ հիմա խելքի չեն կարողանում բերեն, էկոլոգիական հարցերը միայն տուժեցին՝ կանաչ գոտիները համարյա վերացան, սեյսմակայանության հարցը լուծում չստացավ՝ նոր շենքերը միգուցե նորմալ են, բայց հին ֆոնդը ոչ միայն չուժեղացվեց, այլև շարունակվեց թուլացումը։
- Մեծ վնաս հասցվեց քաղաքի պատմական շերտերին՝ վնասելով միջավայրին, հետեւաբար, տուրիզմի որոշակի հնարավորություններին
- Շին.տեխնոլոգիայի տեսակետից գրեթե ոչ մի նորարար ժամանակակից տեխնոլոգիա չներմուծվեց (բացի մի փոքր լավ բետոնից, դա էլ մեծ բան չի)՝ մի քանի դուռ-պատուհան-շուշա քցող ցեխերից ու մի երկու մանր-մունր նորություններից հետեւաբար նոր շինմշակույթ չստեղծվեց, որը կպահանջեր նոր տիպի շինարտադրություն, ուսումնական բազա ու կադրեր, որոնք կարային ամբողջ տարածաշրջանում աշխատեին, թեկուզ Վրաստանում կամ Ռուսաստանում (ինչը նախանձելի հաջողությամբ անում են թուրքերը):
- Այդ, այսպես կոչված շինարարական բումը, չօգտագործվեց քաղաքաշինական բնագավառում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու համար։ Քաղշին նախարարությունը ընդհանրապես կարար չլիներ, բոլոր նորմատիվ փաստաթղթերը խայտառակ վիճակում են, Շին նորմերը (СНиП)-երը անիմաստ անօգտագործելի թղթեր են՝ կեսը սովետականից, կեսը ռուսականից թարգմանած, մեջը հազար կետեր, որոնք կա՛մ անհասկանալի են շարադրած, կա՛մ իրար հակասում են, եւ ընդհանրապես, նրանց ձեւը հնացած ու անպետք ա։
Շինարարության համար փաստաթղթերի մշակման եւ հաստատման կարգը չդարձավ ժամանակակից եւ հարմար, կիսասովետական-կիսաբառադի վիճակ ա։ Քաղաքաշինական ոչ մի հայտնի գործիք իր տեղը չգտավ։
Ճարտարապետների դերը ու պատասխանատվությունը բերվեց սպասարկող ոլորտի աշխատողի մակարդակի, իսկ օրենսդրության տեսանկյունց ճարտարապետ ընդհանրապես գոյություն չունի, քաղաքաշինության մասին օրենքում երկու անգամ կհանդիպեք «ճարտարապետ» արմատին, մեկը՝ «ճարտարապետա-շինարարական առաջադրանք» բառակապակցության, մյուսը էլ չեմ էլ հիշում։ Իսկ շինարարության մեջ նորից մոնոպոլիզացվեց ճարտարապետական նախագծման ոլորտը (սա էլ առանձին երկար թեմա է)։
Այդ ամենը կարգավորելու լավագույն ժամանակը հենց էդ բումն էր, հիմա էնքան քնած ա ամեն ինչ, որ ոչ մեկին հետաքրքիր էլ չի։
- Իրականում երևույթը փուչիկ չէր, ես դեմ եմ այդ բնութագրին, դա ոչ թե փուչիկ էր, այլ ահռելի լվացքի մեքենա, որի նպատակն էր մեծ գումարներ լեգալիզացնել։ Ինձ պատմել են, որ հաճախ շինարարության համար ահռելի գումարներ նույնիսկ ճամպրուկով էին բերում՝ մեր նախարարների սիրած «քէշ»-ով։
Դա էլ բացատրում է՝ ինչո՞ւ էին կառուցում այդքան շատ բնակելի շենքեր ու հենց կենտրոնում, քանի որ դա ամենահեշտ ու արագ ծախվող մակերեսներն են, սարքեցիր՝ նաղդեցիր ու էլ վերջ, մնացածը քո պրոբլեմը չի:
Նյութի աղբյուր՝ http://dabavog.livejournal.com/593245.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել