Tert.am-ը գրում է.
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հրապարակային բանավեճին, որին վերջին շրջանում ներգրավվել է ողջ ՀՀԿ երիտթևը՝ նշեց. «Ե՛վ Ռոբերտ Քոչարյանն է ճիշտ, և՛ Տիգրան Սարգսյանն է ճիշտ, թեև կարելի է մտածել, որ մեկմեկու փաստարկները հերքում են իրենց հրապարակային հայտարարություններով, սակայն նրանք երկուսն էլ ճիշտ են: Այսինքն՝ երկուսն էլ սխալ են»:
Անդրադառնալով 4 քաղաքական ուժերի և «Դ!եմ եմ» շարժման նախաձեռնության անդամների կողմից հունվարի 18-ին հրավիրվելիք հանրահավաքին՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ կան բոլոր հիմքերը դրա բազմամարդ լինելու համար:
-Պարոն Զեյնալյան, առաջիկա հանրահավաքը լայն կոնսոլիդացիա ունեցող է. առանցքային նշանակության 4 քաղաքական ուժեր, գումարած կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող քաղհասարակություն, նաև՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» միանալը. ըստ Ձեզ՝ կա՞ն նախադրյալներ դրա բազմամարդ և բեկումնային լինելու համար:
-Բազմամարդ լինելու մասին կարող եմ ասել, որ, այո, կարծում եմ՝ բազմամարդ կլինի և ցանկալի կլինի, իսկ արդյո՞ք բեկումնային կլինի, թե ոչ, դժվարանում եմ ասել: Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ցանկալի է, որ բազմամարդ լինի, և բոլոր այն անձինք, ովքեր գտնում են, որ անարդարացի է այդ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր դարձնելը կամ կիրարկելը, ցանկալի է, որ կամ անձամբ մասնակցեն, կամ՝ ներկայացուցիչներ ունենան հանրահավաքում:
-Մարդիկ, ովքեր այս օրերին ահաբեկված են հոսանքի և գազի վարձերի վճարներից, կարծում եք և՞ս որպես շարքային քաղաքացիներ ներկա կլինեն: Թե՞ կա անտարբերություն հավաքների ու հանրահավաքների նկատմամբ:
-Առհասարակ, մթնոլորտը կարծես թե այնքան էլ բարենպաստ չէ, գուցե նաև՝ եղանակը, մթնոլորտ ասելով՝ նկատի ունեմ բարոյահոգեբանական մթնոլորտը, սպասումներն ընդհանուր առմամբ հանրահավաքներից, բայց կարծում եմ, որ կմասնակցեն նաև նրանք, ովքեր դժգոհ են երկրում իշխող վարչախմբի վարած քաղաքականությունից: Այդ թվում՝ նաև գազի հետ կապված, և կարծում եմ՝ նրանցից ևս կմասնակցեն:
-«Հանրապետություն» կուսակցությունը կազմակերպիչների թվում չէ, բայց գոնե շարքային անդամներով կմասնակցի՞ հանրահավաքին:
-Մեր կուսակցության անդամների մասնակցությունն ազատ է, այս պահի դրությամբ միասնական մասնակցության վերաբերյալ որոշում և մոտեցում չենք որդեգրել ու կայացրել:
-Ի՞նչ կարող եք ասել հանրահավաքի կազմակերպիչների այսպես ասած՝ սոցիալ-քաղաքական «ցենզի» մասին. մի կողմից ընդդիմության հիմնական թևեր, մյուս կողմից այլընտրանք «Բարգավաճ Հայաստան» , որի անունը, որպես կանոն, կապվում է 2-րդ նախագահի հետ: Եվ դա է պատճառը, որ բոլոր այն միջոցառումներին, որտեղ ԲՀԿ-ն լինում է, որոշ արմատական ուժեր չեն լինում: Այս անգամ, սակայն, սառույցը կոտրվել է: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ ԲՀԿ-ի գործոնը, որը կարող է վանող ազդեցություն ունենալ:
-Ես այստեղ, այս գործընթացում կուսակցություններին դիտում եմ որպես հասարակական միավորումներ, միավորում, որը բարձրացրել է խնդիր, սոցիալական խնդիր՝ ժողովրդի, բնակչությանը մեծապես հուզող հարց լուծելու համար: Ընդամենը այդքանը, և չեմ ուզում այն կուսակցականացնել։ Այստեղ շատ կարևոր հարց է բարձրացված, և ոչ միայն կենսաթոշակներին, այլ նաև արդյունավետ կառավարմանը, միջոցների, համախառն ներքին արդյունքի արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր, որոնք բարձրացվել են այդ քաղաքական ուժերի կողմից և որոնց միացել են դրանցով մտահոգ երիտասարդներն ու կազմակերպությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



