1in.am-ը գրում է.
Թուրքիայում ծագել է նոր աղմկալի սկանդալ. կառավարությունը փորձում է իր վերահսկողության տակ վերցնել դատավորների ու դատախազների գերագույն խորհուրդը՝ արդարադատության առանցքային մարմինը:
Նախաձեռնությունը, որի հեղինակը անձամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, սկզբունքորեն հակասում է Սահմանադրությանը, սակայն վարչապետին դա չի մտահոգում: Նրա նպատակն է պատասխան հարված հասցնել դատախազներին, ովքեր իր դաշնակիցների դեմ հակակոռուպցիոն արշավ են նախաձեռնել: Փորձագետները նախազգուշացնում են, որ վարչապետի գործողությունները կարող են հանգեցնել նրան, որ Թուրքիան վերջնականապես զրկվի անկախ դատավորներից: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Դեկտեմբերի կեսերին Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալի հետևանքները հարվածել են պետական բոլոր կառույցներին: Էրդողանը պատերազմ է հայտարարել հակակառավարական արշավի նախաձեռնողների դեմ, որի պատճառով մի քանի նախարարներ զրկվեցին պաշտոններից: Ամենամասշտաբային զտումները բաժին հասան ՆԳՆ-ին. ողջ երկրում մոտ 700 ոստիկանական պաշտոնյաներ պաշտոնանկ եղան կամ պաշտոնների իջեցում ունեցան:
Ոստիկանությունում զտումները «դավաճանների» դեմ պայքարի սկիզբն էր միայն: Վարչապետն անցել է դատախազներին, ովքեր արձակել էին իր մոտ դաշնակիցներին ձերբակալելու հրամաններ: Պաշտոնից ազատվել է Ստամբուլի հեղինակավոր դատախազ Զեքերիա Օզը, ում համարում էին Էրդողանի ամենավստահելի անձանցից մեկը:
Դրանից հետո կառավարությունում հայտարարել են, որ դատական համակարգը մեծ վերահսկողության կարիք ունի, իսկ արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել մասշտաբային բարեփոխումների նախագիծ:
Գերագույն խորհրդի ճակատագիրը կատաղի դեբատներ է առաջացրել մեջլիսում: «Մենք պետք է հեռու պահենք դատական համակարգը քաղաքական միջամտությունից»,- ասել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Նրան աջակցել են խորհրդարանական ընդդիմության այլ ղեկավարներ: Ի պատասխան՝ իշխող կուսակցությունը հակառակորդներին խորհուրդ է տվել բողոքով դիմել Սահմանադրական դատարան, սակայն արդեն այն բանից հետո, երբ համապատասխան ուղղումներն ընդունվեն: Վարչապետը դրել է դժվարին պայման. ինքը կհրաժարվի Գերագույն խորհրդի բարեփոխման նախագծից այն դեպքում, եթե ընդդիմությունը վերջ տա բոյկոտին ու վերադառնա իշխող կուսակցությանը շահավետ՝ Հիմնական օրենքի փոփոխությունների փաթեթի քննարկմանը:



