168.am-ը գրում է.
1936 թվականին Բեռլինի օլիմպիական խաղերում գերմանացի ծանրամարտիկ Յոզեֆ Մանգերը համաշխարհային ռեկորդ սահմանեց: Գերմանիան ցնծում էր: Ադոլֆ Հիտլերը հայտարարեց, որ սա այլ բան չէ, քանի արիացիների բարձրագույն ռասա լինելու ապացույց, և պատահական չէ, որ աշխարհի ուժեղագույն մարդը ներկայացնում է հենց այդ ազգը: Խորհրդային Միությունը բեռլինյան խաղերին չէր մասնակցում: Սակայն դա չխանգարեց, որ Ստալինն իրեն խոցված ու պարտված զգար: Մի՞թե խորհուրդների երկրում չկար մեկը, ով կարող էր գերազանցել գերմանացուն և աշխարհին ապացուցել, թե որտեղ են ապրում ամենաուժեղները: Ստալինի այս հարցին սպորտի բնագավառի պատասխանատուները զեկուցեցին. կա նման մեկը և ապրում է Հայաստանում: Խոսքը ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի մասին էր: Հայաստանի ԿԿ Կենտկոմի նորանշանակ քարտուղարը Կրեմլ էր մեկնել: Ստալինը մոտենում է նրան ու հարցնում . «Որտե՞ղ է Սերգո Համբարձումյանը: Նա ինձ պետք է»:

Անտեղյակ քարտուղարին այլ բան չէր մնում, քան խոստանալ, որ 24 ժամվա ընթացքում նրան կգտնեն ու կբերեն առաջնորդի մոտ: Բայց իսկապես, որտե՞ղ էր Սերգոն: Կա այսպիսի մի լեգենդ, որը միանգամայն հավաստի է թվում: Ասում են, որ երբ 1936 թ. հուլիսին ընկերները Սերգոյին հայտնում են Աղասի Խանջյանի ինքնասպանության մասին, նա տեղից վեր է ցատկում ու բացականչում է. «Չեմ հավատում ինքնասպանությանը, նրան սպանել են»: Այս մի քանի բառը բավական էր, որպեսզի բոլորը նրան համարեին կորած մարդ: Հասկանալով, թե ինչ վտանգ է կախված իր և հարազատների գլխին, Սերգոն արագ հեռանում է Հայաստանից և մեկնում Մոսկվա: Շուրջ երեք ամիս նա ապրում էր այնտեղ` ջանալով հնարավորինս հեռու մնալ անցանկալի հայացքներից: Բայց մի օր, երբ ճաշարանում ընթրում էր, ահաբեկված նրա մոտ վազեց խոհարարն ու ասաց, որ մի սև մեքենա է եկել, և Սերգոյին են փնտրում: Հետո հայտնվեցին սևազգեստ մարդիկ և կարգադրեցին հետևել իրենց: «Քեզ ընկեր Ստալինն է սպասում»: «Ես ինչպե՞ս պիտի Ստալինի մոտ գնամ»,- հարցրեց Սերգոն ու ցույց տվեց իր հնամաշ, պատառոտված հագուստը: Մի քանի րոպե անց նրա համար արդեն նոր կոստյում էին պատվիրել, կոշիկներ ու վերնաշապիկ էին գնել: Մեքենան սլանում էր Կրեմլ: 
Հսկայական աշխատասենյակի հեռավոր ծայրում նստած էր Ստալինը: Նա ոտքի կանգնեց, իսկ Սերգոն արագացրեց քայլերը` նրան մոտենալու համար: Այդ ժամանակ Ժողովուրդների հայրը քմծիծաղեց. «Կամաց, գացո, հատակը կկոտրես»: Երբ նստեցին, Ստալինը հարցրեց. «Ընկեր Համբարձումյան, ի՞նչ է ձեզ անհրաժեշտ, որպեսզի հաղթեք այդ ֆաշիստ Մանգերին»: Սերգոն խորին անկեղծությամբ պատասխանեց. «Ուտելիք, ընկեր Ստալին»: Հաջորդ առավոտ նրա համար սկսվում է միանգամայն այլ կյանք: Սերգո Համբարձումյանի հետ Հայաստան մեկնեց նրա նոր մարզիչը` լատիշ Յան Սպարրեն: Մարզիկի համար նշանակվեց այն ժամանակների համար պատկառելի կենսաթոշակ: Բացի այդ, նա Երևանում ուներ, այսպես կոչված, «բաց հաշիվ»: Դա նշանակում էր, որ որտեղ մտներ գնումներ կատարելու կամ այլ կարիքների համար, դրա դիմաց վճարելու էր պետությունը: Սակայն արտոնություններն ավելին չէին, քան այն լարվածությունը, որ դարձավ մարզիկի առօրյայի անբաժանելի մասը: Անիրագործելին իրագործելու համար ոչինչ չէր խնայվում: Ու վերջապես վրա հասավ պատմական պահը: Նոր տարվա նախօրեին` 1938 թվականի դեկտեմբերի 30-ին, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը լեփ-լեցուն էր: Նրանք, ում բախտ չէր վիճակվել ներս անցնել, խմբվել էին շենքի դիմաց, փակել Աբովյանի ու հարակից փողոցների երթևեկությունը: Բեմ է բարձրանում Սերգոն և սկսում է իր ելույթը: Դահլիճում մեռելային լռություն է: Իսկ հետո, ինչպես ահեղ որոտը, շենքի պատերը ցնցվում են ծափերից ու բացականչություններից: Մարդիկ գրկախառնվում ու արտասվում էին, փողոցում թնդում էր հաղթական «ուռա»-ն: Խոստումը կատարված էր: 
Դասական եռամարտում Սերգո Համբարձումյանը համաշխարհային ռեկորդ էր սահմանել` 433,5 կգ` 8,5 կգ-ով գերազանցելով գերմանացի Մանգերի արդյունքը: Հավաքված բազմությունն իր հերոսին ձեռքերի վրա տարավ մինչև հյուրանոցգ Հաջորդ օրը «Կռասնի սպորտ» թերթն առաջնորդողում ավետեց. «Սերգո Համբարձումյանը կատարեց ընկեր Ստալինին տված խոստումը: Բուրժուական մարզիկի ռեկորդը գերազանցված է: Աշխարհի ամենաուժեղ մարդը մեր Սերգոն է»: Նրա մասին գրեցին անխտիր բոլոր թերթերը, նույնիսկ գերմանականգ Վրա էր հասել Սերգոյի աստեղային ժամը: Իսկ նա ընդամենը 28 տարեկան էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



