Religions.am-ը գրում է.
-Պարոն Ջալոյան, վերջերս նորից հանրային տարածության մեջ սկսվել է քննարկվել եկեղեցու հարցը: Ի՞նչ եք կարծում, այն պայմաններում, որում հայտնվել է երկիրը, արդյո՞ք այդ հարցի քննարկումն ակտուալ է:
-Եթե նկատի ունենանք մեր երկրի իրավիճակը, գուցե ոմանց այդ խնդիրը անկարևոր թվա: Սակայն այս իշխանությանը ընդգծված կղերա-պահպանողական երանգ ունի, հետևաբար նրա համար եկեղեցու դերի ուժեղացումը ռազմավարական նշանակություն ունի: Ստիպված հանրությունը քննարկման օրակարգի մեջ այդ խնդիրը կարևոր նշանակություն է ստանում:
Առաջին պահը դա ավորիտար, նույնիսկ` բռնապետական միտումների ուժեղացումն է: Այդ ընթացքի համար Հայ Առաքելական եկեղեցու խորհրդանշական կարևորությունն ակնհայտ է: Հայ առաքելական եկեղեցին պետք է միավորի ողջ ազգը, այդ ընթացքում այն «մաքրելով աղանդավոր տարրերից»: Քաղաքաքական կյանքում դա նշանակում է ընդիմության ազդեցության նվազեցում:
Երկրորդ պահը բարոյական է, ինչո՞ւ մի փոքր խմբի համար ամեն ինչ կարելի է, նույնիսկ` սպանությունը, իսկ մյուսներին ամեն ինչ արգելված է: Երկրի տնտեսական և սոցիալական վիճակը վատանում է, սակայն եկեղեցիաշինությունn անշեղորեն զարգանում է: Եկեղեցիներ կառուցում են այն փոքր խմբի ներկայացուցիչները, որոնց համար ամեն ինչ կարելի է, նույնիսկ` սպանությունը: Ամենաթողությունը օրինականացնոելու մեջ եկեղեցու դերն այս օրինակով անուրանալի է:
-Պատահական չի, որ բռնակալներն աչքի են ընկել եկեղեցաշինությամբ: Խոսքը գնում է հին և միջին դարերի մասին: Սակայն ժամանակակից աշխարհում նորից նման միտումներ են նկատվում: Դա ի՞նչ է նշանակում, աշխարհը ետ է զարգանում:
-Կրոնը հին և միջին դարերում եղել է միակ գաղափարախոսությունը և միապետները մեծ կարևորություն են տվել եկեղեցիաշինությանը: Բուրժուա-դեմոկրատական դարաշրջանում գաղափարախոսությունն աշխարհիկացավ և արդեն կուսակցություններն էին մշակում գաղափարախոսություններ: Այժմ, ԽՍՀՄ փլուզումից հետո, մենք ապրում ենք հետգաղափարախոսական դարաշրջանում, երբ կրոնը հաճախ լրացնում է գաղափարախոսական դատարկությունը: Հատկապես դա նկատելի է Հայաստանում, որտեղ լիբերալ-դեմոկրատական հաստատությունները չկայացան:
Սակայն եկեղեցիաշինությունը նաև այլ իմաստ ունի: Ժամանակակից աշխարհի լոզունգն է. ապրիր այսօրվա օրով և վայելիր պահը: Հայաստանում այն յուրօրինակ մեկնաբանություն է ստացել: Օլիգարխներn ոչ միայն եկեղեցի են շինում, այլև` ռեստորան, կազինո, գիշերային ակումբ և այլն: Այսինքն եկեղեցին նույն շարքում է, ինչ վայելքների կենտրոնները: Աստված օլիգարխներին ամեն ինչ թույլատրել է, որովհետև եկեղեցին սեփականվել է նրանց կողմից:
-Այնպիսի տպավորություն կա, որ կրոնների դերակատարությունն աշխարհում նորից մեծանում է: Արդյո՞ք դա նշանակում է, որ մարդիկ վերադառնում են կրոնական գիտակցությանը, թե այլ բան է կատարվում. կրոնը սկսել են օգտագործել աշխարhքաղաքական նպատակների համար:
-Ամերիկյան քաղաքագետ Սամուել Հանթինգտոնը մտցրեց «քաղաքակրթությունների բախում» ըմբռնումը, որտեղ կրոնին աշխարհքաղաքական հակամարտություններում կարևորագույն դերակատարություն է տրվում: Սա պահպանողականների հայացքն է: Ավելի, լիբերալ Օբամայի օրոք, օրինակ, իսլամական ֆունդամենտալիզմը նահանջ ապրեց: Մեկ այլ օրինակ. ժամանակին խիստ ռազմատենչ կաթոլիկներն այժմ խաղարար դերակատարում ունեն: Սա կրոնի և քաղաքականության փոխազդեցության դրական օրինակ է: Անշուշտ, արտաքին և ներքին թշնամու կերպար ստեղծելու համար կրոնը դեռևս մնում է կարևորագույն գործոն:
-Ձեր կարծիքով Հայաստանի օլիգարխիկ կառավարման ձևավորման մեջ Հայ եկեղեցին իր դերակատարությունն ունի՞: Դա աշխարհայացքայի՞ն ազդեցություն է, թե ուղղակի եկեղեցու ղեկավարությունն ուղղակի մասնակցություն ունի այդ ամենի մեջ:
-Հանրապետական կուսակցությունը, որը միանձնյա իշխանություն ունի մեկ տասնամյակից ավելի, նախապես ազգայնական կուսակցություն էր, առանց կղերական տարրերի: Ժամանակի ընթացքում հանրապետականի վերնախավը կուտակեց մեծ հարստություն և հարկավոր էր օրինականացնել այդ հարստությունը և այն վայելելու իրավունքը: Այդ պահից սկսած նրանք սկսեցին կարևորություն տալ կրոնական գործոնին: Եկեղեցին չի ստեղծում օլիգարխիա, այն օրինականացնում է նրանց իշխանությունը և հարստությունը վայելելու իրավունքը:
-Ձեր կարծիքով, եկեղեցին կարող է ինքնուրույն բարեփոխվել, թե դա հնարավոր է անել հանրային կամ պետական ճնշումների միջոցով:
-Եկեղեցին ձևականորեն անկախ է և հանրությունից, և պետությունից, քանզի նրա գլուխը համարվում է Քրիստոսը: Այս առումով հասարակությունը չի կարող էական ազդեցություն ունենալ եկեղեցու քաղաքականության վրա, որը որոշվում է Էջմիածինում, նեղ շրջանակի կողմից, կաթողիկոսի ղեկավարությամբ: Պատահական չէ, որ հասարակության մի մասը պահանջում էր կաթողիկոսի հրաժարականը:
Բայց եկեղեցին միայն այդ նեղ խումբը չէ, որոնց կարելի է անվանել կղերական օլիգարխներ: Կան նաև հասարակ քահանաներ և հասարակ հավատացյալներ: Հասարակության դեմոկրատացմանը զուգահեռ եկեղեցում կաճի նաև նրանց դերը և, միգուցե, փոփոխություններ լինեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



