Armtimes.com-ը գրում է.

Ինչպես եւ կանխատեսվում էր, այս ձմեռ ՀՀ բնակչությունն աստղաբաշխական գումարներ է վճարել գազից եւ էլէներգիայից օգտվելու համար: Ըստ պաշտոնական տվյալների, դեկտեմբերին ՀՀ բնակչությունն օգտագործել է 122 միլիոն խմ գազ: Իսկ սա նշանակում է, որ մեկ խմ գազի 156 դրամ գնի պայմաններում, այդքան գազի գումարային արժեքը կազմում է շուրջ 19 մլրդ դրամ: Համեմատության համար` 2012 թվականի դեկտեմբերին բնակչությունն օգտագործել է շուրջ 85 միլիոն խմ գազ: Այն ժամանակ մեկ խմ գազի գինը 132 դրամ էր եւ հետեւաբար ամբողջ բնակչությունը գազի դիմաց վճարել էր 11 մլրդ դրամ: Այլ կերպ ասած, միայն գազի դիմաց այս դեկտեմբերին ազգովի վճարել ենք 8 միլիարդ դրամով ավելին քան անցած դեկտեմբերին: Մոտ մեկ միլիարդ դրամով էլ աճել են էլէներգիայի դիմաց կատարած վճարումները: Այսպիսով, այս դեկտեմբերը բնակչության վրա միայն էներգետիկ ծախսերի մասով 9 միլիարդով ավելի թանկ է նստել: Նույն միտումը պահպանվելու է նաեւ հունվարին, քանի որ հունվարի առաջին կեսը նույնպես խստաշունչ է եղել: Այսպիսով, միայն դեկտեմբեր եւ հունվար ամիսներին ընդհանուր բնակչության էներգետիկ ծախսերը 16-17 միլիարդ դրամով ավելին կլինեն քան անցած տարի էր: Իսկ սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գազի եւ էլէներգիայի դիմաց վճարել է մոտ 6 հազար դրամ ավելին: Միջին վիճակագրական` չորս հոգանոց ընտանիքի` միայն ջեռուցման ծախսը ավելացել է 24-25 հազար դրամով: Պաշտոնական տվյալներով մոտ 33 տոկոս աղքատություն արձանագրած երկրի համար սա մեծ, չափազանց մեծ գումար է: Հայաստանյան ընտանիքների մեծագույն մասի համար ծախսերի նման ավելացումը ծանրագույն բեռ է ընտանեկան բյուջեի համար: Սակայն, մի քանի ՀՀԿ-ական պատգամավորների շրջանում կատարած մեր հարցումները ցույց տվեցին, որ էներգետիկ ծախսերի նման աճը մարդկանց այս կատեգորիային այնքան էլ չի խոցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել