Tsayg.am-ը գրում է.
Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում արտակարգ իրավիճակ է: 11 երեխա և մեկ չափահաս կին վարակիչ հիվանդությամբ են տառապում: Մուրադյաններն են ախտակիրները: Ամեն ինչ սկսվել է Մուրադյանների հարսից, 5 երեխայի մայր, 23 ամյա Աիդա Ստեփանյանից: Թարախային բշտիկներ ամենաշատը փոքրիկ Նարեկի վրա են առկա, ախտահարված են երեխայի ոտքերը: Եղունգները փտել, թափվել են: Մուրադյանները սկզբում գնացել են Ինֆեկցիոն, այնուհետ մաշկային հիվանդանոց: Ստացել համապատասխան ցուցումներ ու վերադարձել տուն: Մեր նկարահանման պահին հիվանդներին այցելեցին նաև տարածքային երկրորդ պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկները: Ներկա պահին որևէ պատասխանատուի կողմից հստակ քայլ չի ձեռնարկվում: Հյուր եկած մասնագետն ասում է, նրանց ինչ-որ տեղ ուղեգրելն իրենց գործը չէ: Մուրադյանները պետք է մեկ անգամ ևս այցելեն պոլիկլինիկա, հետազոտվեն, արդյունքների պարզ դառնալուց հետո նոր իրենք կքննարկեն, թե ինչ է պետք անել: Երեք տարեկան Արամն ամբողջ օրն այսպես քորում է ոտքերը՝ վարակն ավելի տարածելով: Կոմունալ որևէ հարմարություն չկա, որ փոքրիկներին կարողանան մաքուր և միմյանցից մեկուսացած պահել: Բժիշկն ասում է, ինքը թարախային մաշկաբորբ էլի է տեսել, բայց որ հիվանդությունը նման դրսևորումներ ունենա, չի հանդիպել: Մասնագետներն եկան, նայեցին, խորհուրդներ տվեցին: Ընդամենը: Մուրադյանները մնացին մենակ՝ իրենց անհայտ հիվանդության, ախտահարված փոքրիկների և անհայտության մեջ: Դեղորայքը նշանակած բժշկի անուն ազգանունը չէին իշում: Նաև նշեցին, որ իրենց հիվանդության մասին մասնագետը ոչինչ չի ասել, ոչ գիտեն ինչ հիվանդ են, ոչ էլ գիտեն, սա ինչ տեսակի վարակ է ու ինչ հետևանք է ունենալու: