Kinoashkharh.am-ը գրում է.

Հայ կնոջ կերպարներ մեր կինոյում շատերն են մարմնավորել՝ Վերջալույս Միրիջանյան, Վարդուհի Վարդերեսյան, Գալյա Նովենց, Սոֆիկ Սարգսյան, Ալլա Թումանյան, Լուսյա Հովհաննիսյան և այլք:Հրանտ Մաթևոսյանը մեր գրականություն, նաև կինո բերեց հայ կնոջ անսովոր կերպար, որը շատերին ստիպեց մայր, կին, քույր, կողակից արարածի մեջ տեսնել ցայտուն արտահայտված խառնվածք, հզոր կամք, խիզախող հոգի, անաչառ ու ընդվզող անհատականություն՝ ներդաշնակված ծով համբերությանն ու նվիրումին: Աղունի կերպարը շրջադարձային եղավ հայ արձակում ու հայական էկրանին, չընդունվելու չափ շրջադարձային:Աղուն-Անահիտ Ղուկասյանն ապրում է մեր քաղաքում, մեր կողքին, մեզ նման խանութ ու շուկա է գնում, պահածոներ փակում, կենցաղային հոգսերից ելքեր փնտրում, գրեթե ամեն օր հյուրեր ընդունում: Ժամանակ առ ժամանակ խաղում է ֆիլմերում. Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի է: Ասում է՝ երբ իր խաղացած դերերը տեսնում է հեռուստատեսությամբ, ինքն իրեն քննադատում է՝ այ էստեղ ուրիշ կերպ պիտի խաղայի: “Աշնան արևը” նկարահանվել է 1977 թ., այս տարի լրացավ ֆիլմի 35- ամյակը: Նկարահանման հրապարակում, ավելի ճիշտ՝ Լոռվա խուլ գյուղերում, մի քանի ամիս տևած ստեղծագործական եռուզեռից միայն երանելի հուշեր են մնացել: Մանավանդ որ այս ֆիլմի նկարահանումները Անահիտ Ղուկասյանի համար ճակատագրական են եղել:

Ինչպե՞ս եղավոր հենց Դուք նկարահանվեցիք Աղունի դերում:

- Այդ դերի համար 200 թեկնածու է եղել, անգամ Վրաստանից են դերասանուհի բերել. փորձել են Վարդուհի Վարդերեսյանին, Անահիտ Թոփչյանին, Ալլա Թումանյանին և էլի շատերի: Կինոփորձերի արդյունքում գեղարվեստական խորհուրդը որոշել է, որ հենց ես պիտի խաղամ Աղուն: Այդ ժամանակ 30 տարեկան էի ու կինոյում նկարահանվելու փորձ չունեի: Աղունն իմ առաջին դերն էր կինոյում:

- Աղունը հայ կնոջ հավաքական կերպար դառնալու հավակնություններ ուներ, և նրան մարմավորելը, բնականաբար, հեշտ չպիտի լիներ: Ընդամենը 30 տարեկան ինչպե՞ս կարողացաք այդ կերպարը յուրացնել համոզիչ դարձնելու համար:

- Իրավացի չեք. նախ՝ 30-նն այնքան էլ երիտասարդ տարիք չէ, և հետո տարիքը կապ չունի: Հայ կնոջ գենետիկական կոդը նստած է բոլորիս մեջ` երիտասարդ թե ծեր: Ինչքան էլ փոխվեն ժամանակները, թեկուզ հայ աղջիկը պորտը բաց ման գա, միևնույն է, գենետիկական այդ կոդն ու հիշողությունը, որ ցեղասպանություն, գաղթ ենք տեսել, անհնար է ջնջել: Տառապանքը հայ կնոջ ներսում է: Գումարած նաև այն, որ ես նոր էի ծանոթանում Մաթևոսյանի հետ և ուղղակի սիրահարված էի նրա արձակին, շշմելու աստիճան հիացած: Նման արձակ մենք չունենք, մեկ էլ Բակունցն է այդպիսին: Ու ես ջանում էի այդ կերպարը լավ խաղալ, լավ մարմավորել:

Համաձա՞յն էիք Մաթևոսյանի կերտած Աղունի կերապարի հետՀայ կնոջը մենք սովոր

 ենք տեսնել լուռ, համբերողմեղմներողու հանկարծ Աղունը:

- Հայ կինը ստեղծող է, արարող, ինքն է տան տերը, բայց դրսում բոլորը պետք է իմանան, որ ամուսինն է գլխավորը: Ո՞վ է տունուտեղ դնողը, ո՞ւմ վրա է հիմնական հոգսը ծանրացած, և ոչ միայն տանը, այլև դրսում: Եթե հայ կինը չսատարի ամուսնուն, ոչ մի լավ բան չի ստացվի: Դրա համար էլ Հրանտը շատ ճիշտ է գրել, ճիշտ կերպար է ստեղծել՝ հայ կնոջ հավաքական կերպար:

Հե՞շտ էին լեզու գտնում Հրանտ Մաթևոսյանն ու Բագրատ Հովհաննիսյանը:

- Սարսափելի դժվար. լեզու չէին գտնում: Երկու անհատականություն՝ ամեն մեկն իր ուզածն էր առաջ տանում: Բագրատն ընկերներ գրեթե չուներ: Անդրեյ Տարկովսկու հետ էր ընկերություն անում, բայց հեռավորությունը խանգարում էր: Իսկ Հրանտի հետ անընդհատ վիճում էր: Հրանտը չէր ուզում, որ ֆիլմն իր գյուղում՝ Ահնիձորում նկարահանվեր: Հայրը, մայրը, եղբայրն այնտեղ էին ապրում: Մոր անունն Արուս էր. հանճարեղ, իմաստուն կին՝ բնատուր խելքով, ինչ ասում էր, հանգավորված էր ասում: Բնական է, որ նրանից Հրանտ ու Հրաչ պիտի ծնվեին: Ես շշմած էի: Անընդհատ ուսումնասիրում էի Արուսին իմ դերի համար: Այդ տունը նրա դրած տունն էր: Հրանտի հայրը՝ Իգնատ դային, աշխատող, խելոք մարդ էր: Բայց Արուսը չլիներ` տունն էդպիսի´ն չէր լինի, էրեխեքն էլ է´դ էրեխեքը չէին լինի:

Հրանտ Մաթևոսյանն ինչո՞ւ չէր ուզումոր իրենց գյուղում նկարահանվեր “Աշնան արևը”:

- Չէր ուզում, որովհետև գյուղացիները ճանաչում էին իր ընտանիքին: Հրանտը ճիշտ բաներ էր գրել, նա չէր կեղծում: Նրա գրվածքներում իր համագյուղացիներն էլ կային: Ես այդ գրական կերպարներին տեսել եմ. և´ “Մենք ենք, մեր սարերի”, և´ “Աշնան արևի” հերոսներն իրական մարդիկ էին: Իսկ նրանք կարծում էին, թե Հրանտն իրենց ձեռք է առնում: Վստահ էին, որ նա գրականության, հիմա էլ կինոյի միջոցով ծաղրում է իրենց: Իսկ Արուսն ամբողջ գյուղին իր դեմ էր հանել: Մեկի կողքով հանգիստ, անխոս չէր անցնի. մի դիտողություն, նկատողություն անպայման պիտի աներ: Աղունը հենց Արուսն է, Սիմոնն էլ՝ Իգնատ դային: Դրա համար էլ Հրանտը չէր ուզում, որ նկարահանող խումբը մտներ իրենց գյուղ: Իսկ Բագրատն էլ որոշել էր, որ հենց Ահնիձորում պիտի նկարի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել