Իմ դիմաց նստել, խեղճ-խեղճ նայում ես ինձ։ Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ տեսա քեզ, դարձյալ այդպես, ողորմելիորեն գզգզված ու սոված, քարշ էիր գալիս իմ հետևից։ Կերակրեցի քեզ, տաքուկ մի անկյուն տվեցի։ Ու երբ ընկերները քո թափառում էին այսուայնտեղ, մի կտոր կրծած ոսկոր գտնելու հույսով առավոտից երեկո տակնուվրա անում աղբարկղերը, դու կուշտ ու ուրախ վնգստում էիր իմ ոտքերի շուրջ...

Եվ հիմա խեղճ-խեղճ նստել իմ ոտքերի մոտ, թախծոտ ու տխուր նայում ես ինձ։ Հիշո՞ւմ ես, ինձ հանդիպելուց շատ օրեր հետո, երբ կազդուրվել ու առույգացել էիր դու, փողոցում մի օր հաչեցիր ինձ վրա։ Հաչեցիր ու փորձեցիր կծել ինձ։ Հիշո՞ւմ ես այդ օրը, Բրուտո՛ս։ Բայց, ախր, ինչո՞ւ հաչեցիր ինձ վրա։ Քեզ օգնելու վա՞րձն էր դա։ Շո՛ւն, բայց ես քեզնից օգնություն չեմ խնդրել, և պետք չէր ինձ հավատարմության երդումը քո։ Ազգակիցներիդ պես անցնեիր իմ կողքով և գնայիր շնային քո գործին։ Բայց ճանաչեցիր դու ինձ և... սկսեցիր հաչել ինձ վրա։
Ծանոթ իմ շուն, հիմա ցուրտ ու քամի է դրսում, և նստել իմ դիմաց, խեղճ-խեղճ նայում ես դու ինձ։ Այժմ ողորմելիորեն գզգզված ես դու դարձյալ, ինչպես տարիներ առաջ և սոված սաստիկ։ Հիմա ի՞նչ անեմ ես քեզ, ինչպե՞ս վարվեմ քեզ հետ։

Է՜հ, Բրուտոս, Բրուտո՜ս... Լավ, գրողը տանի, քիթդ մի՛ կախիր։ Վեր կաց և, ինչպես շատ օրեր առաջ, հետևիր դու ինձ, քանզի Մարդ եմ ես, իսկ դու՝ Շուն։ Դա՜ռն ճակատագիր. ես իմ խաչն եմ տանում, դու՝ քո...

Եվ անցնում ենք այդպես, դարերի միջով՝ դեպ դարերը գալիք։ Ես և Դու։ Մարդն ու Շունը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել