Երեկ ամբողջ օրը աչքովս էր ընկնում կրոնական ոստիկանություն արտահայտությունը, բայց վստահ էի, որ կատակ է: Մի հղում բացեցի, վերջապես կարդացի, համոզվեցի, որ լուրջ է, որ մեր կրոնավոր հայրերը որոշել են նաև այդ ֆունկցիան վերցնել իրենց ձեռքը: Սյուռ վիճակ չի՞, թե միայն ես եմ կարծում, որ մեր Սահմանադրությունը կոմայի մեջ է արդեն, այլապես ազատությունների մասը այսպես չէր անտեսվի: Բարեբախտաբար, նոր կարդացի, որ ասում են, դա չի լինելու, այլ օրենքով է արվելու, բայց երևակայությունս աշխատեց:
Այսինքն, ո՞նց էր լինելու:
Ստեղծվելու էին կրոնական ոստիկանության բաժանմունքնե՞ր, թե ոստիկանության բաժանմունքում կառանձնացվեին կրոնական հանցանքների հարկաբաժին (դե ասենք, ոնց որ քննչական բաժինն է): Ստեղծվելու էր Կրոնական ոստիկանություն, կրոնական ոստիկանության բաժին, կրոնական ներքին զորքեր, կրոնական Ալֆա ջոկատ, կրոնական գաղութ: Լավ, ենթադրենք մեկը աղանդավոր է, այսինքն եկեղեցի հաճախող քրիստոնյա չի, դրա համար նրան բերման էին ենթարկելու կրոնական ոստիկանության բաժի՞ն: Հետո՞ ինչ էին անելու: Ասենք, իմանում են, մի տեղ մի երկու աղանդավոր նստած են, «группа захвата» մտնում է պատուհանով ներս, ու հրամայում ձեռքերդ վեր: Ծեծելու են, ասեն աղոթիր մեր ասած ձևո՞վ, ասենք ձեռնաշղթա են հագցնելու և ռազմականացված ուղեկցող խմբով տանեն հատուկ Կրոնական ՁՊՎ, հետո դատե՞ն: Իսկ կլինե՞ր կրոնական օրենսգիրք, որով ամրագրվեր, թե մարդու ո´ր «տեսակի» աղանդավոր լինելը որքանո´վ է վտանգավոր հասարակության համար: Ասենք դատեցին, դրանից հետո առանձին խցերում էին պահելո՞ւ, թե կտանեին մարդասպանների հետ նույն խցերը:
Ժողովուրդ, ինկվիզիցիան հայ-հայ է վերադառնում էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել