1in.am-ը գրում է.

Եվրոպական Կենտրոնական բանկն այսօր Մայնի Ֆրանկֆուրտում ներկայացրել է 10 եվրո անվանական արժեքով նոր թղթադրամ: Ինչպես թղթադրամը ներկայացնելիս հայտարարել է Եվրոպական Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Իվ Մերշը, այժմ նոր թղթադրամն ունի պաշտպանության հավելյալ աստիճան և առավել քիչ խոցելի է կեղծարարների համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Նոր թղթադրամը, որը շրջանառության մեջ կդրվի այս տարվա սեպտեմբերի 23-ին, չափսերով չի տարբերվում նախորդից և ստեղծված է նույն գունային երանգներով: Նրանում թարմացված են ջրային նիշերն ու ժապավենի տեսքով կողային հոլոգրամման: Թղթադրամի վրա, ինչպես 2013-ի մայիսին հայտնված 5 եվրո անվանական արժեքով թղթադրամի վրա, այժմ պատկերված է հին հունական դիցաբանության հերոսուհի Եվրոպան: 

«Միասնական եվրոպական արժույթը նպաստել է մայրցամաքի միլիոնավոր մարկանց մերձեցմանը: Թղթադրամներն ու մետաղադրամները հանդիսանում են խորհրդանիշ առ այն, որ մենք լի ենք ԵՄ-ին իր ողջ բազմազանությամբ աջակցելու վճռականությամբ»,- ասել է Մերշը:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, անցած տարի ֆինանսա-վարկային կազմակերպությունների ու իրավապահ մարմինների կողմից առգրավվել է մոտ 670 հազար կեղծ եվրո, ինչը 26 տոկոսով ավելի է, քան 2012-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել