Դեկտեմբերի 28-ին տոնական տրամադրություն է ինստիտուտում: Պատուհանից դուրս եմ նայում: Մազմանյանը ուր որ է պետք է հասնի շենքին: Բնավորությունն իմանալով` գիտեմ, որ դեռ մի կես ժամ ունենք սպասելու: Զարմացա, երբ տեսա մեքենան կանգնեց բակում: Ծանր իջավ` ձեռքին կարմիր նվերների մեծ տոպրակով: Իջա մուտքի մոտ:
-Բարի գալուստ:
Գլխով հաստատեց բարին կամ էլ գալուստը, ու ժպտաց աչքերով, ոնց որ միշտ: Հետո ուշադիր լարեց ականջները:
-Էս ի՞նչ դաշնամուրի ձայն է:
-Հիմա կբարձրանաք կտեսնեք,-ժպտացի:
Վերջին համագործակցությունը, որ ունեցել էինք լեհական «Աշխարհն արեւածագից մինչեւ մայրամուտ» հայտնի նախագծի շրջանակներում, մեծ ազդեցություն էր թողել ուսանողների եւ անձամբ Աղասիչի վրա: Մինչ Գերմանիայից վերադառնալը` գործընկերոջս հետ՝ Անահիտի, որոշել էինք նախագծին բնորոշ Թատերական ինստիտուտի եւ Լոձի կինոդպրոցի անկյունը ստեղծել: Հիմնական ռեկվիզիտը ֆիլմի համար գնված դաշնամուրն էր, որի համար ինքն անձամբ փնտրտուքների մեջ էր ընկել:
Բարձրացանք աստիճանները՝ հետեւից ուսանողներ, աշխատակիցներ: Բոլորին մի պահ ձեռքով կանգ առնել ստիպեց, մոտեցավ դաշնամուրին, ժպտալով նայեց իր կուրսի ուսանող Արսենին, ով էլ նվագում էր դաշնամուրը…Ու առաջին անգամ տեսա՝ ոնց են լցվում Մազմանյանի աչքերը…
-Անուշ…
-Հա, Արմեն Աղասիչ:
-Ոնց որ հետ եմ գալիս կյանք…
Ընդունարանում հերթ էր գոյացել, բոլորն ուզում էին մտնել, ողջագուրվել հետը: Գործավարուհի Սուսաննան բոլորին հերթականությամբ ներս էր թողնում: Ռեկտորատը անսովոր կերպով կարճ տեւեց. բոլորին ինչ-որ նախախնամությամբ գրկեց, ձեռքը սահեցրեց գրադարանի գրքերի վրայով, ու խնդրեց՝ տասը րոպե հանգիստ թողնենք…«Տարին բարդ ու պարտավորեցնող է լինելու»… Վերջին նախադասությունը ռեկտորատի ժամանակ:
Հաշվետվությունները ձեռքիս ներս մտա:
-Սպասի, Ջարեթթի կոնցերտը միացնեմ ու անցնենք հաշվետվությանը:
Սա իր սովորության հիմնական մասն էր: Անահիտին ու ինձ մշտապես ստիպում էր երաժշտության ներքո զրուցել առաջիկա խնդիրների, գործերի ու եղած-չեղածի մասին:
Մինչեւ վերջ չլսեց ծրագրերի մասին: Ասեց, որ տոներից հետո մեկ ամբողջ օր Անահիտի ու ինձ հետ միասին ամեն բան մանրամասն կքննենք: Հետո սեղանի տակից հանեց կարմիր տոպրակը՝ մեջից մի քանի հուշանվեր-հրեշտակներ:
-Ընտրի սրանցից մեկը:
Աչքիս վայրկենական անցան բոլոր նվերները, որոնք պարտադիր մաս էին կազմում ճամփորդությունների, դրանցից մի քանիսը, ինչպես ինքն էր սիրում ասել, «իր թիմի» համար էին: Ընտրեցի սեւուկին: Նայեց, ծիծաղեց.
-Դուրս թռա հիվանդանոցից: Ասեցի, որ քշեն Գերմանիայի հուշանվերների շուկա: Ամեն բան իրար նման էին՝ մարմարե, նույն գույնի: Անկյուններից մեկում մի սեւամորթ աղջիկ էր: Աղքատիկ սեղանիկին իր ձեռքով պատրաստված էս հրեշտակները: Մոտ գնացի, սկսեցի ռուսերեն քթիս տակ ինչ ասես ասել: Մտածում էի՝ ինչ լեզվով հարցեր տամ: Նեգրուհին նայեց դեմքիս, ժպտաց ու ռուսերենով հարցրեց՝ ինչով կարող է օգնել: Մի հինգ րոպե շշմած կանգնել էի, Անուշ, պատկերացնո՞ւմ ես՝ Գերմանայի կենտրոնում, հուշանվերների խղճուկ գումարով ապրող նեգր մի աղջկա, ով ռուսերեն խոսել գիտի…Աշխարհն ի՜նչ ա ապրում, չէ՞:
Սեղանին թողեցի հաշվետվության թղթապանակը, սկսեցինք զրուցել: Հետո նորից մենակ ուզեց մնալ: Սենյակը լցվեց ջերմությամբ, երբ ներս մտավ կինը՝ Նինան, ու նախկին ուսանողները: Կատակի ու հիշողության մեկ ժամ էր: Հետո կանգնեց մուտքի մոտ, ուղղեց շարֆը, նայեց դուրս, ձեռքին անցկացրեց թզբեհը ու թե.
-Անուշ, էսօր էլ պե՞տք եմ,- ամեն աշխատանքային օրվա վերջին սիրելի նախադասությունն ասեց մի ուրիշ թախիծով:
Էդ պահերին ես ու Անահիտը նայում էինք իրար ու ասում՝ չէ, ամեն բան կարգին է, մինչ վաղը, Աղասիչ…Էս անգամ սիրտս չտվեց.
-Միշտ…Միշտ պետք եք,-ժպտացի:

Շարունակելի
Հ.Գ. լուսանկարում՝ Գերմանիայից բերված հուշանվեր-հրեշտակը:
ԵԹԿՊԻ մամուլի քարտուղար Անուշ Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել