Kinoashkharh.am-ը գրում է.
Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Հենրիկ Էդոյանի հետ զրույցը ժամանակակից գրականության և իրականության կապի և արժեհամակարգի խարխլման պատճառների մասին է:
-Մերօրյա ստեղծագործողների շարքում կա՞ն այնպիսիք, որոնց գործերին սպասում եք:
- Իհարկե, իհարկե կան գրողներ, որոնց գործերին սպասում եմ: Վերջերս Վահագն Գրիգորյանը շատ լավ գիրք էր գրել “Ժամանակի գետը”: Հրաշալի գործեր էին` պատմվածքներ, վիպակներ: Հասուն վարպետության ու ներքին իմաստնության հասած գրող է` իսկական գրող: Երիտասարդների մեջ էլ կան շնորհքով գրողներ, բայց նրանք դեռ պետք է ընտրեն, թե ինչպես են շարունակելու իրենց գրական կյանքը: Իսկ այդ ընտրությունը միանգամից չի լինում: Ժամանակ ու փորձ է պետք:
- Տաղանդի դրսևորման համար փո՞րձ է հարկավոր:
- XIX դարում 20-ամյա հանճարներ կային: Մեր օրերում այդպես չէ: Հիմա փորձ, ինֆորմացիա, ինտելեկտուալ վերահսկողություն է պետք: Ինչ վերաբերում է աշխարհի գրողներին, պիտի ասեմ, որ շատ մեծ սպասումներ չունեմ: Վերջին 50 տարում գրականությունը, արվեստն ընդհանրապես տեղատվության մեջ է: Իհարկե, Եվրոպայում էլ կան լավ գրողներ, բայց ոչ այնպիսիք, որոնց գործերին սպասես: Ի դեպ, գրող ասելով` նկատի ունեմ արձակագիրներին: Բանաստեղծները գրող չեն, նրանք առանձին կղզում են ապրում:
- Նրանց կղզում իրավիճակն ա՞յլ է, այնտեղ ավելի՞ տաղանդաշատ են:
- Չէ, ասածս տաղանդի հարց չէ: Կան և´ տաղանդավոր գրողներ, և´ անտաղանդ բանաստեղծներ, ու իհարկե` հակառակը: Ասածս այլ է: Ժամանակակից պոեզիան, արձակը, դրամատուրգիան կենսունակություն ունե՞ն, թե՞ ոչ: Պիտի ասեմ, որ պոեզիան կենսունակություն ունի, և կան լավ բանաստեղծներ, բայց գիտեք` գեղարվեստական շարժում, իրադարձություն չկա: Լավ գրողներ, բանաստեղծներ կան, բայց այն շարժումը, առաջընթացը, որ կենդանություն է հաղորդում ամբողջ մեխանիզմին, չկա: Անցած դարի 20-30-ականներին կար:
- Ասվածի լինելիությունը ի՞նչ է պահանջում:
- Նկատի ունեմ ոգու միջավայրը` մտածողության ձևը, աշխարհի ընկալման սիստեմը, տեսանկյունը: Ժամանակակից աշխարհը չի նպաստում գեղարվեստական միջավայրի ձևավորմանը: Հիմա ճաշակը լիովին ուրիշ է: Մարդկությունն ավելի թեթև բաների հետևից է փորձում գնալ: Ասում ես` երաժշտություն, ասում են` շոու բիզնես: Շոու բիզնեսը ո՞րն է, կա´մ երաժշտություն է, կա´մ երաժշտություն չէ: Երաժշտությունը կարծես մեռած լինի: Սա հետադիմության արտահայտություն չէ, պարզապես իրատեսորեն փորձում եմ գնահատել:
- Գրականությունը, կինոն գործունա՞կ վիճակում են:
- Կինոն ժամանակակից արվեստ է` երես առած, լկստված, փայփայված: Արվեստի ոչ մի տեսակ այնքան արտոնություններ չունի, որքան կինոն: Բնականաբար, էդպես է: Միլիոններ են հատկացնում, ճանաչումն էլ անհամեմատ շուտ է գալիս:
- Ուզում եք ասել կինոյում իրավիճակն ա՞յլ է:
- Կինոն ժանրային ընդգրկունություն ունի, և մեկ ընդհանուր գնահատական տալը ճիշտ չէր լինի: Բայց ասեմ, որ ժամանակակից հրաշալի ֆիլմեր կան, որոնք կուզենայի մեկ անգամ էլ նայել: Դա մտքի, ապրումի ակտիվացում է բերում: Իհարկե, հարկ է տարբերել մասսայական ֆիլմերն ու իսկական կինոն: Օրինակ` իտալական կինոյում կային ռեժիսորներ, որոնք մեծ մտածողներ էին: Այդպիսին էր Ֆելինին, որին նաև գրող եմ համարում: Ֆելինիի յուրաքանչյուր ֆիլմ նաև գրականություն է: Այդպիսին են նաև Բերգմանի մի քանի ֆիլմերը: Կինոն արվեստ է դառնում, եթե կարողանում է միանալ գրականության հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ