Նկատե՞լ եք, թե ինչ շուտ են մոռացվում դեռ երեկ գերկարևոր հայտարարված խնդիրները... Հիշո՞ւմ եք Ամառային դահլիճը։ Երկու տարի անցավ. ինչպես լքված էր, այդպես էլ մնաց։ Կճոյանի «Բենթլին», Սյունիքի մարզպետի հետ կապված միջադեպերը (կնոջ վրա ձեռք բարձրացնելն, օրինակ), դյուրավառ գազով լցված փուչիկների պայթյունը Հրապարակում, «հանդուրժիստների» երթը և այլն, և այլն։
Երեկոյան դատարկ է Մաշտոցի այգին, որի շուրջ այդքան կռիվ եղավ, օտարալեզու դպրոցների դեմ շարժումը ռուսների ասած «сошло на нет», սահմաններում շատ լուրջ բախումներից ընդամենը մեկ օր անց ժողովուրդը ոտքով-գլխով ընկղմվեց ֆուտբոլային կրքերի մեջ՝ շատ արագ մոռանալով զոհվածների ու վիրավորների մասին։
Նաև չեմ կարծում, որ որևէ մեկը շպրտեց Երևան-Սիթիի զեղչային քարտը՝ ի բողոք Փակ շուկայի այլանդակման ու կասկածում եմ, որ որևէ երևանցի հրաժարվում է հանրային տարածքը գրաված բազմաթիվ սրճարաններում ժամանակ անցկացնելուց։
* * *
Նկարագրածս երևի բնական երևույթ է. մարդկանց մեծ մասը կենտրոնացած է իր առօրյա՝ անմիջականորեն իրեն վերաբերվող խնդիրների վրա։ Որոշ վրդովեցնող երևույթներ հունից հանում են շարքային քաղաքացուն, բողոք առաջացնում, բայց կարճ ժամանակով. հատուկենտ անհատներ են այն աստիճան գիտակից, որ կարողանան առանց լրացուցիչ խրախուսման երկարատև ու հետևողական պայքար մղել իրենց անձնական շահերի շրջանակներից դուրս գտնվող խնդիրների լուծման համար։
Որպես արդյունք այսօր գրեթե բոլոր քիչ թե շատ երկարատև՝ իբր հասարակական, շարժումների ու նախաձեռնությունների հետևում կոմերցիոն կամ քաղաքական շահեր են։ Դեսպանատներից սկսած տեղացի կուսակցական գործիչներով վերջացրած մեր վզին են փաթաթում օտար և/կամ մասնավոր օրակարգեր, ինչի հետևանքով էլ շատ հաճախ հայ հասարակությունն իրեն պատեպատ է տալիս հանուն այլոց շահի՝ չնկատելով ու ժամանակ չունենալով զբաղվել սեփական շատ լուրջ ազգային խնդիրներով։
Ի՞նչ խնդիրներ։ Ասեմ... Օրինակ՝ շփման գծում հունիսի սկզբի ընդհարումները ցույց տվեցին, որ բանակը պատրաստ էր իրադարձությունների այդպիսի զարգացմանն, իսկ հասարակությունը՝ ոչ։ Մի կողմից՝ խուճապային տրամադրություններ, ստեր, լաչառություն, բայց միաժամանակ նաև՝ ապշեցուցիչ արխայնություն, երեկոյան զբոսանքներ, լեփ-լեցուն բացօթյա սրճարաններ։ Եւս մեկ օրինակ. ժողովրդագրական ճգնաժամ՝ ծնելիության անկում ու արտագաղթ։ Այս հարցը շատ շահարկվեց նախընտրական փուլում ու հետո միանգամից մոռացության մատնվեց։
Մեր տարածաշրջանն այսօր նման է վառոդով լի տակառի, որի պատրույգն արդեն վառել են։ Բայց մենք շարունակում ենք ապրել այնպես, կարծես Աբովյանի փողոցը Բեվերլի Հիլզում է, իսկ Սիրիան ու Իրանը՝ Մարս մոլորակում, այլ ոչ թե մեր քթի տակ...
Հ.Գ. Հետո էլ կզարմանանք, թե ոնց եղավ, որ հայ ժողովուրդը պատրաստ չէր ցեղասպանությանը դիմադրելու։ Համոզված եմ, որ այն ժամանակ էլ նույն թմրած ու արխային վիճակն էր, ինչ և հիմա։