Ո՞վ է եղել Իսահակյանի մեծ ու անկրկնելի սերը, ում այդպես էլ ողջ կյանքում չմոռացավ նա: Ո՞ւմ էին ուղղված նրա սիրառատ տողերը, որ այսօր զարդարում են հայ գրական ժառանգությունը: Ըստ որոշ վկայությունների՝ Իսահակյանի կինը գիտեր ամուսնու անմոռանալի սիրո մասին, բայց նրա կողքին էր...

Շուշանիկ Մատակյան: Ահա այն կինը, ում համար խելագարվում և տանջվում էր Իսահակյանը: Նա այս կնոջը սիրել է սարսափելի սիրով: Բայց փոխադարձ չէր այդ սերը և տանջում էր բանաստեղծին: Իսահակյանը իր սերն անվանել է հրեշային, դառը հուսահատության գիրկն ընկել և անգամ մտածել ինքնասպանության մասին:

Ստորև ներկայացնում ենք Շուշանիկին գրված նամակից մի հատված.

«Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես՝ Ավետիք Իսահակյանս:

Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել.-սիրել-ես քեզ չեմ սիրում, ատել-ես քեզ չեմ ատում. բայց իմ հոգում կա՝ որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել՝ նորից սպանել, հավիտյան ապրել և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել /անզոր եմ ես/, ամբողջ էությունս բարի է ...և որ ամենաողբալին է՝ ես դեռ քու ճիրաններում եմ. ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ. երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում:

Դու մի՛ որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչերդ նայելու չեմ, Աստվա՛ծ է վկա. վերջին անգամ պիտի լամ քու առաջ և հայհոյեմ քեզ, հայհոյեմ, – հայհոյեմ քու բոլոր սրբությունները, որովհետև դու իմ սրբությունները պղծեցիր, որովհետև իմ ամենանվիրական սերս շան պես դուրս վռնդեցիր, որովհետև դու ինձ չարչարեցիր, նահատակեցիր՝ անսահմանորեն:

Դու ասում էիր ինձ, որ ինձ չես սիրել-գիտեմ, գիտեմ. բայց այդ քեզ իրավունք չէր տալիս, ինձ՝ երբ ես քու ոտքերի տակ տիեզերական հզոր սիրուցս ստորացած ընկած էի, – ծաղրելու, արհամարհելու, դուրս շպրտելու. չէ՛ որ, Շուշիկ ջան, ես մարդ էի. չէ՛ որ, կային օրեր, որ դու ինձ գոնե հարգում էիր, «թանկագին» և «ջան» խոսքերով խաղում էիր հետս...և այդ բոլորից հետո դու ինձ ոտաց տակ տվիր. խփեցիր ջահել սրտիս մեջ դաշույններ՝ չհանեցիր նրանց, թողիր սրտիս մեջ-մնացին, ժանգոտվան, և արյունովս իմ քայլափոխերս ծածկեցին, բայց դու մնացիր ինձ միշտ ծաղրող, միշտ անգութ, միշտ անսիրտ...

Դու գիտեիր իմ դժոխային տանջանքերս, բայց մոտ չեկար, մի անուշ խոսք չասիր...Ես քեզնից էլ սեր չէի ուզում. քեզ տիրել չէի ուզում, բայց քու մեջ մարդ տեսնել կուզեի, և որ՝ դու իմ մեջ շատ մարդ տեսնեիր...

Բայց, բայց...չէ որ ջահելները ունեն գթառատ սիրտ. բայց միթե դու ջահել էիր. դու հասած էիր՝ և այն էլ շատ զզվելի կերպով, որ առաջին պատահող ամուսնու գիրկն ընկար:

Այո, մենք հետո բարեկամացանք, գուցե դու հետո ինձ սիրեցիր, բայց այդ օրվանից ես քեզ սկսեցի ատել և հայհոյել. դու հետո ինձ սիրում էիր ոչ մաքուր կերպով, այլ ֆիզիկապես...Ես զզվում էի քեզնից. բայց և անդիմադրելի կերպով սիրում էի. ախ, ամբողջ 13 տարի դու նստել ես ու բռնել իմ ողջ, ողջ ուղեղը, հոգին և սրբապղծել իմ ողջ երկինքը...Դու ինձ արնաքամ արիր, գուցե ակամա, դու սպանեցիր իմ տաղանդը, դու ինձ մղեցիր ամենածանր, դառն հուսահատության, երբ ես ամբողջապես թաթախված ինքնասպանության ծանր մտքերով, հանկարծ սթափվեցի:

Շուշիկ, ատելի, սիրելի Շուշիկ, ուրիշ կերպ ես չէի կարող վարվել, ես պիտի անպատվեի, վայր գցեի, որ կարողանայի ազատվել այդ հրեշային սիրուց, որ ինձ ծծեց:

Դու մի սոսկավիթար վերք բացիր հոգուս մեջ, և ոչ մի երկրային ու երկնային դեղով դա չի բժշկվի... Այժմ դառնաս իմ կինը-ես իսկույն կփախնեմ քեզնից. դառնաս հին Շուշիկը՝ ես կսպանեմ ինձ՝ չտեսնելու համար տանջանքների այն ծանր շղթան, որ տարիներ ի վեր ինձ կաշկանդեց:

Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա՛, Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրի՛ր քու երեխաների համար. ինձ մի՛ անիծիր, իմ անունս երբեք, երբեք մի՛ հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ. աղաչում եմ քեզ. ինձ թաղիր քեզ համար հավիտյան: Քու հոգու տաճարից թող ես լինեմ դուրս՝ ես օտար, չճանաչված Աստված եմ այդտեղ:

Աղաչում եմ քեզ...
Ես էլ կվարվեմ քեզ հետ այդպես,
Դու ինձ համար մեռար, մեռար...
Արտասվելով համբուրում եմ քու գերեզմանը
Եվ ճամփա ընկնում
Նոր Աստված գտնելու...
Ավետիք»:

Թամարա Պողոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել