NewsBook-ի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը.

- Հռոմի պապն օրերս հերթական անգամ հաճելիորեն զարմացրել է՝ կոչ անելով դուրս գալ փողոց բողոքի ցույցերի, անկարգությունների և հայտարարել է, որ եկեղեցին այլևս չի կարող գտնվել չորս պատերի մեջ: Պապը երիտասարդներին կոչ է արել գնահատել իրենց, բայց միաժամանակ հարգել մեծերին: Իսկ ավագները, նրա կարծիքով, պետք է դադարեն հեռու մնալ ամեն ինչից: «Բացեք բերանները: Առանց տատանվելու դարձեք ժողովրդի պահապանները, փոխանցեք արդարություն, պատմություն, արժեքներ և հիշողություններ»: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է խանգարում մեր կաթողիկոսին հանդես գալ նմանատիպ հայտարարություններով, ընդհանրապես, ի՞նչն է նրան խանգարում լինել լավ հոգևոր առաջնորդ:

- Մի քանի պատճառներ կան, որոնց համադրությունը բերում է նրան, որ մեր կաթողիկոսն ունի այն պահվածքն, ինչն ունի: Նախ, կաթոլիկ եկեղեցին ունի հարուստ աստվածաբանական, փիլիսոփակայան, մշակութաբանական ժառանգություն և համապատասխան հաստատություններ: Միշտ կարողացել է վերափոխվել և ժամանակին համընթաց քայլել: Այն միաժամանակ կարևոր սոցիալական ինստիտուտ է: Ներկայիս մարտահրավերներին ընդառաջ նախկին պապը իր տեղը զիջեց նոր ունակ հոսանքին: Ներկայիս պապը Արգենտինայում ծավալած իր գործունեության ժամանակ եղել է բավական ակտիվ: Ուստի, կաթոլիկ եկեղեցին ընտրել է հենց այդ թեկնածուին, ով կարող էր բարեփոխել եկեղեցին և համահունչ լինել ժամանակին: Հայկական եկեղեցին, ցավոք, չունի այդ ինտելեկտուալ հնարավորությունները բարեփոխումների գնալու համար:

- Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, թե մեր եկեղեցին չունի ինտելեկտուալ ռեսուրս: Միթե՞ հայ առաքելական եկեղեցին չունի մշակութաբանական ու աստվածաբանական մտքի կրողներ: Իսկ Գրիգոր Նարեկացին, Գրիգոր Տաթևացին:

- Ցավոք սրտի, այսօր հենց Գրիգոր Տաթևացու քաղաքականությունն է շարունակվում: Նա հեզության, հնազանդության և հասարակական պասիվության գաղափարախոս է եղել, և հենց այդ տեսակետներն են այսօրվա եկեղեցու հիմքում դրված: Եթե 15-րդ դարի սկզբին ինչ-որ կերպ դա հասկանալ էր՝ ելնելով քաղաքական իրականությունից, ապա այսօր դա արատավոր մոտեցում է: Մինչդեռ մենք ունեցել ենք Ներսես Շնորհալու պես ինտելեկտուալ գործիչ, ով շատ ավելի առաջադիմական հայացքներ է ունեցել և՛ դավաբանական, և՛ քաղաքական, և՛ այսօրվա լեզվով ասած էկումենիկ հարցերում: Ցավոք, Շնորհալու ուղղությունն այսօր մոռացվեց: Մենք հրաժարվել ենք մեր պատմական ինտելեկտուալ ժառանգության մեծ մասից: Պատահական չի, որ արաբները Բյուզանդիան անվանում էին հայկական տերություն: Այդ հզոր մշակույթը, որում հայերը ամենանշանակալի դերն են կատարել, ջնջված է մեր ժառանգությունից: Սա պատճառներից մեկն է: Մյուս պատճառն այն է, որ Հայ Առաքելական եկեղեցին չափազանց սերտաճած է պետությանը, հատկապես բարձրաստիճան եկեղեցականները: Մութ պատմություններ կան, որոնք թույլ չեն տալիս կաթողիկոսին և մյուս հոգևորականներին ազատ գործել: Բացի այդ, կաթողիկոսն այն անձը չէ, որն հասկանա և իր վրա նման պատասխանատվություն վերցնի, դա արդեն անհատական գործոն է:

- Այն հոգևորականները, ովքեր մեղադրում են կաթողիկոսին ինչ-ինչ մեղքերի մեջ, արդյո՞ք նրանք օժտված են այն հատկանիշներով, ինչն անհրաժեշտ է Հայ Առաքելական եկեղեցու առաջընթացին:

- Կարող ենք նշել երեք անուններ, ովքեր, այսպես ասած, հակակաթողիկոսական ընդդիմության ղեկավարներն են`  Նավասարդ Կճոյան, Միքայել եպիսկոպոս Աջապահյան և Սեպուհ եպիսկոպոս Սուլջյան: Սակայն նրանք ավելի պահպանողական են և ռադիկալ հակասարակական դիրքերից են հանդես գալիս: Այսինքն, եկեղեցու ներսում մենք չունենք բարեփոխության պահանջ ներկայացնող ընդդիմություն:

- Այսինքն, եկեղեցու առաջնորդների պարագայում էլ կանգնած ենք վատի ու վատթարագույնի ընտրության առաջ:

- Ցավոք, այո: Սակայն եկեղեցում կան միջին տարիքի ու երիտասարդ հոգևորականներ, ովքեր զգում են բարեփոխումների պահանջը: Նրանց հնարավորություններն առանձնապես մեծ չեն, բայց գոնե բարեփոխումների անհրաժեշտության ըմբռնումը արդեն կա:

- Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների մեջ, այնուամենայնիվ, ընտրության հնարավորություն կա՞ աստվածահաճո հոգևոր առաջնորդ առաջադրելու և ընտրելու համար:

- Իմ կարծիքով, գոնե այս պահին Հայ Առաքելական եկեղեցին չունի այդ ռեսուրսը: Մյուս կողմից, հանրային հստակ ձևակերպված պահանջ չկա բարեփոխված եկեղեցի ունենալու համար: Հասարակությունը պետք է ձևակերպի իր պահանջներն ու ներկայացնի, թե ինչպիսի՞ բարեփոխումներ է ինքը պահանջում, ինչպիսի՞ հոգևոր ղեկավարություն է պահանջում: Երբ Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն, դա իր ազդեցությունը կունենա եկեղեցու ներսում: Այս պահին հոգևոր առաջնորդները ճիշտ այնպիսին են, ինչպիսին աշխարհիկ իշխանությունն է:

Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել