Խաղում ենք ռուբիկ-կուբիկ…
Հայաստանն այսօր մի լավ խառնշտած ռուբիկ-կուբիկ է հիշեցնում՝ կարմիր, կապույտ, դեղին.., բոլորին մի լավ խառնշտել, ու, իրենց կամքով կամ կամքից անկախ, նետել են իրար դաշտ՝ միմյանց հոշոտելու: Կարմիրի մտածելակերպ ունի, բայց չգիտես՝ ինչու, խաղում է սևերի դաշտում, փիսիկն ու առյուծը կողք-կողքի հանուն ինչ-որ բանի են պայքարում, որի մասին թվում է՝ կարգին գաղափար էլ չունեն. իրենց ասել են, իրենք էլ անում են: Պարոնայք, ռուբիկ-կուբիկը պետք է հավաքել, բայց այնպես, որ կարմիրը իրոք կարմիր լինի, դեղինը՝ դեղին, կապույտն էլ, ոչ ավել ու ոչ պակաս, կապույտ: Մի իրականությունում, ուր ամեն ինչ վաճառվում է՝ մեկը՝ մարմինը, մյուսը՝ ապրանքը կամ ծառայությունը, մեկը` տաղանդն ու գրիչը, մյուսը՝ արժանապատվությունն ու թասիբը, մեկն էլ, ոչ ավել և ոչ պակաս, կարող է վերցնել ու վաճառել, ասենք, երկիրը…, ով ինչ ունի, այն էլ վաճառում է. ինչո՞ւ եք զարմանում, ես զարմանում եմ ...հիմա մի քիչ հումոր եմ անում …բայց փաստը մնում է փաստ, որ կյանքը, իհարկե, ընտրություն է և անխուսափելիորեն՝ առևտուր, բառիս իսկական իմաստով. ինչ ես տալիս ու ինչ ես վերցնում դրա դիմաց…դա երևում է անգամ մարդկային պարզագույն հարաբերություններում..կին-տղամարդ, պաշտոնյա-ենթակա, ղեկավար-ստորադաս. ասում են՝ վաճառականի արյունը հայի մեջ է…մեր գենը վաճառականի գին է, հիմա պիտի ամենը մոռանա՞նք ու միայն առնե՞նք ու ծախե՞նք….լավ, բայց կարծեմ մենք ստեղծարար ենք նաև, թող ես ինչ-որ բան ստեղծեմ ու մեկն ինձ ասի՝ ոչ, պատկերացնո՞ւմ եք իմ սրտի, իմ էության ստեղծածը..ես նրան շանսատակ կանեմ, ազնիվ խոսք, սատկելով էլ լինի, կանեմ…սրտով ստեղծածը մնում է, աշխարհում ոչ մի ուժ այն չի կարող ոչնչացնել, այդ իսկ պատճառով… ստեղծեք…ինչ-որ բան ձերը, ձեր նվիրական եսինը… ով կարող է ձեր ստեղծածը քանդել…ստեղծարարությունն ու ստեղծագործ էությունը աստվածային հատկանիշներն են ու թող փորձվի երկրի երեսին գտնվող ցանկացած մեկը ձեզ ընդդիմանալ. ինչո՞ւ ենք մենք ավելի քիչ արտադրում ու ավելի շատ ներմուծում ենք, ինչո՞ւ ենք մենք ավելի շատ ընդօրինակում, քան մտահղանում ենք, այդ ո՞վ է ասել, որ արվեստը այն է, ինչ մի տաս հոգի կարան հավաքվեն ու քեֆի սեղանի շուրջ պատկերացնեն, ո՞վ է ասել, որ բիզնեսը այն է, ինչը դաբռո է ստացել էլի էդ մի քանի հոգու կողմից, ո՞վ է ասել, որ իշխանություն կոչվածը ինչոր փողատեր ցուցամոլների հավաքատեղի է, որ մեր հեռուստատեսությունը պետք է լինի շինծու, ու մեր երեխաները պետք է էդ շինծու արժեքներով մեծանան… կամ ո՞վ է մեր միտքը կասեցրել, կարծում եք՝ կա այդպիսի՞ մեկը. ես որ չեմ տեսնում, նայում եմ շաաաատ ուշադիր ու չեմ տեսնում. ինձ թվում է՝ այդպիսի երկրային արարած գոյություն չունի, այդ մենք ենք երևակայել, թե իբր մեզ խանգարողներ կան..ոչ մի խանգարող էլ չկա..մեզ խանգարողը միայն մենք ինքներս ենք… պարզապես թույլ հավատի ու կամքի տեր մարդիկ են շատացել, պարզապես կա գաղափարի ու նպատակի հստակ բացակայություն …
Իմ ուրախ Հայաստան, իմ տխուր Հայաստան…Երկիր, որ ծնում է իրենք իրենից ու իրենց շողքից վախեցած պաշտոնյաներ, ինչ-որ փողատերեր, որոնց փողն անգամ իրենցը չէ, մի երկիր, ուր թևածում է վախն ու նախանձը, ընդ որում այն թևածում է հասարակութան բոլոր շերտերում անխտիր, եթե աղքատը վախենում է հանկարծ ցրտից ու սովից չմեռնի, հարուստը չորս կողմից հարված է սպասում, հարուստը նախանձում է աղքատի ազատությանը, աղքատը՝ հարուստի շքեղ մեքենային: Աղքատի ուղեղը ոչ մի կերպ չի մտնում, որ փողն ու պաշտոնը հաճախ շատ ավելի անհանգստություն ու գլխացավանք կարող են պատճառել, քան դրանց իսպառ բացակայությունը: Հարուստը ոչ մի կերպ չի ընկալում, թե ինչքան կարևոր է աղքատի համար իր մինիմալ բարեկեցությունը: Աղքատը չի ուզում աշխատել, բայց ուզում է հարստանալ, հարուստը կարծում է, թե ինքը ընտրյալ է: Սակայն եթե ընտրյալ է՝ ինչի՞ց է վախենում. չէ որ «աստված» իր թիկունքին է ու նրան է ընտրել … ու խնդիրն այստեղ բոլորովին էլ վերևների գրագիտությունը չէ, ոչ էլ ներքևների անգրագիտությունը…խնդիրը այստեղ և՛ վերևների, և՛ ներքևների մոլորված գիտակցությունն է, մոլորված բարոյականությունն ու մոլորված ճաշակը…
Հայերիս շատ մեծ ոգեշնչում էլ պետք չէ, գիտեք..կարծում եմ, նրանցից ամեն մեկն արդեն ինքն իրեն մտքում թագավոր է հռչակել ու խիստ վիրավորվում է, եթե հանկարծ իրեն փորձես համեմատել: Չհամեմատես... ասում են ու նետվում են շատ դեպքերում առանց երկար-բարակ մտածելու, միայն թե իրենք իրենց ապացուցեն, որ իրենք ուրիշ են, նման չեն, իրենք են ընտրյալը..: Սա լավատեսական մտածելակերպ է, իհարկե, բայց եղբայր, կանգ առ, մի պահ, այդ ո՞ւր առանց ծաղիկ...աաա…ուզում էի ասել, այդ ուր առանց գաղափար…ում և ինչ ես ուզում ապացուցել, ինչ է կատարվում քո այդ «հրաշագործ» ուղեղում. գիտակցությունդ գոնե տեղն է, գոնե գիտես՝ ինչ ես ուզում ու ինչ կստանաս հինգ քայլ հետո: Ասածս ինչ է. շախմատ խաղալ սովորեք, իհարկե, կարելի է մի քիչ էլ լող կամ բռնցքամարտ, բայց շախմատը կարևոր է, շախմատը….առավել քան լավատես լինելը իրատես եղեք, պարոնայք… (Գ. Շահնազարյան)...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել