1in.am-ը գրում է.

Լիտվայի գլխավոր դատախազությունն ավարտում է Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի 79 քաղաքացիների ձերբակալության թույլտվության նախապատրաստումը՝ 1991-ի հունվարի 13-ին Վիլնյուսում տեղի ունեցած իրադարձություններին առնչվող գործով: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազության քրեական հետապնդման դեպարտամենտի ավագ դատախազ Սիմոնաս Սլապշինսկասը:

Նրա խոսքով՝ կասկածյալները նախկինում ներառված են եղել ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության, ներքին գործերի ու պաշտպանության նախարարությունների ղեկավար կազմում, եղել են Պետանվտանգության կոմիտեի աշխատակիցներ և զինծառայողներ, մասնակցել են Վիլնյուսի տպագրատան, հեռուստաաշտարակի, Լիտվայի ռադիոյի և հեռուստատեսության և այլ օբյեկտների գրոհին: Նրանց կասկածում են սպանությունների, առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական անձանց դեմ արգելված ռազմական գործողությունների իրականացման մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Անցած տարվա ամռանը, երբ Վիլնյուսի շրջանային դատարանը վերոնշյալ անձանց կասկածյալ ճանաչեց, դատախազությունը Ռուսաստան, Բելառուս և Ուկրաինա է ուղարկել իրավական օգնության մասին 78 միջնորդություն, որոնցում խնդրել է կասկածյալներին փոխանցել կասկածների մասին փաստաթղթերը, առաջարկել նրանց մասնակցել գործընթացին: Միայն Ուկրաինան է կատարել խնդրանքն ու դատարանի որոշման մասին փաստաթղթերը հանձնել երկու մարդու:

Գլխավոր դատախազությունն ակնկալում է գործի հետաքննությունն ավարտել մարտին և այս տարի գործը հանձնել դատարան:

Լիտվայի գերագույն դատարանը 1990 թվականի մարտին հայտարարել է հանրապետության անկախության վերականգնման մասին, սակայն խորհրդային ղեկավարությունն այդ որոշումը գնահատել է որպես հակասահմանադրական: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել