Kinoashkharh.am-ը գրում է.
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն այս տարի բոլորեց 60-ը։ Հենց հոբելյանն էլ նրա հետ զրույցի առիթ դարձավ։
- Շնորհավորում եմ։ Կենսական, ստեղծագործական ավյուն և մշտապես հետաքրքրական զբաղվածություն… Ի՞նչ կասեք այսօրվա Ձեր զբաղվածության մասին։
- Հիմա “Համազգային” թատրոնում, որտեղ աշխատում եմ, բեմադրվում է Պերճ Պռոշյանի “Հացի խնդիրը՚”: Գործն, ինչպես գիտեք, շատ լայնածավալ է ու բազմախնդիր։ Դժվար է կարևորագույնն ընտրել, բայց եթե չես ընտրում այդ կարևորագույնը, չես էլ բեմադրում։ Ընտրվեց անձ և իշխանություն` անարդար իշխանություն կոնֆլիկտը, որին զոհ են գնում երեխաները, սերը, ինքը` անձը… Պիեսը հեղինակել էր Ռուբեն Հովսեփյանը, սակայն աշխատանքային պրոցեսում թատրոնն իր տարբերակը պատրաստեց կոնկրետ դերասանների համար։ Ներկայացումը, գործողությունը շարունակվելու են անգամ դադարին։ Կուռ կառույցով մի ամբողջություն ենք ուզում ստեղծել, որի փաթեթավորումը կենդանի երաժշտական կատարումներով ուղեկցվող հայկական ավանդական ծեսերն ու խաղերը կլինեն։ Այդպես ենք պատկերացնում։ Թե ինչ է ստացվել, պարզ կլինի ընդամենը մի քան օրից՝ նոյեմբերի 23-ին։
- Ինչքան գիտեմ, մշտապես նախընտրել եք բազմազբաղությունը։
- Ընդհանրապես, այո, բեմադրության ընթացքում բացառվում է որևէ այլ զբաղվածություն։ Արդեն հրաժարվել եմ Մոսկվայի եռօրյա նկարահանումներից և չեմ ափսոսում։ Այս պահին “Հացի խնդրից” բացի ուրիշ ոչնչի մասին չեմ էլ ուզում մտածել։ Մանավանդ հիմա ֆինալն այնքան է հզորանում, որ պիտի դառնա հստակ ապտակ այն մարդկանց, որոնք արդարացնում են սեփական ստոր քայլերը ասելով` հացի խնդիր է։ Դրանով գործն արդիական է և դեռ, ցավոք, դարեր կմնա այդպիսին։ Համենայն դեպս թատրոնը նայում է ապագային և ցույց տալիս, որ փողի իշխանությունը փակուղի է։ Բեյրութում մի խոսք ունեին՝ վերը Աստված, վարը` դոլար։ Սա մարդկանց ուղղակի խեղդող, քանդող, սարսափելի խոսք է, սակայն մերօրյա իրականությունը։ Բայց ասեմ, որ այնուամենայնիվ համաձայնեցի նկարահանվել Հրաչ Քեշիշյանի “Նժդեհ” ֆիլմում, և խումբն ընդառաջում է իմ զբաղվածությանը։
- Ֆիլմն այդչափ արժանավոր լինելու հեռանկար ունի՞, որ զիջման եք գնացել։
- Կինոն այն արվեստն է, որը հազար ու մի հարակից գործոնների հանրագումար է։ Ռուսերեն ասած` экран покажет (էկրանը ցույց կտա)։ Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, դերն էր ինձ համար հետաքրրքրական, և հետո կարծում եմ՝ Նժդեհն այն գաղափարախոսությունը և այն անձն է, որի մտքերը, գործերը, տեսակն ավելի քան կարևոր են, բայց շատ պակասում են Հայաստանին։ Գոնե ֆիլմի տեսքով ներկայացվեն ու վերադառնան։ Ընդհանրապես հայրենասիրությունը միայն խոսք չէ։ Այն յուրաքանչյուրի մեջ պիտի արմատավորվի շատ վաղ տարիքում։ Բախտս բերեց, որ հայրս ոչ ուղղակի դաստիարակեց իմ մեջ այդ երևույթը։ Ինձ համար սարսափելի է անցյալի մեծություններին չիմանալը։ Իսկ այսօր մեծ մասամբ անտեղյակ են, կամ իմացություններն առավելագույնը ինտերնետային մակարդակի են։ Անկախությունից հետո մեծացան վասն կոպեկի մարդիկ։ Փողը շատ բան խեղդեց` մշակույթ, արվեստ, նաև կինո։ Անցողիկ շրջան էր գուցե, այդպես պիտի լիներ։ Բայց վաղուց արդեն նախկին դիրքին վերադառնալու ժամանակն է։ Միշտ ունեցել ենք դարերում իրենց հնչեղությունը տարածած անուններ։ Այ դա չպետք է կորցնել։ Իհարկե, որոշ բաներ արվում են, բայց այդ անիվը մինչև սկսի ըստ պահանջի պտտվել, ժամանակ կանցնի, ու իր հետ սերունդ կտանի` թողնելով նրան պրոցեսից դուրս։
- Մեր կինոն ի զորո՞ւ է վասն կոպեկի մտածողությունից վեր գործելու։
- Մենք այսօր իսկական կինոյի հազվադեպ ենք հանդիպում։ Իսկ մեր իբրև թե կինոն բազմաթիվ պակասություններ ունի, և դրանցից մեկն այն է, որ շատ հաճախ էկրանին տեղ են գտնում պատահական և կինոյին լիովին անտեղյակ մարդիկ։
- Ձեր կենսագրությունում գրված է. “Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է մոտ 40 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում”։ Չասեմ լավագույն դերը, սիրելի կերպարը, բայց առաջին ֆիլմը, որում խաղացիք հիշո՞ւմ եք, ո՞րն էր։
- Առաջինը “Լենֆիլմում” էր։ Դերն էպիզոդիկ էր։ Ֆիլմն էկրաններ բարձրացավ։ Գնացի առաջին սեանսին։ Տիտրերում կարդացի ազգանունս։ Ամբողջ ֆիլմը նայեցի ու ինձ չտեսա։ Գնացի կինո ՙՆաիրի՚։ Էլի տիտրերում կարդացի ազգանունս։ Ամբողջ ֆիլմը նայեցի ու էլի ինձ չտեսա։ Կտրել-գցել էին։ Զավեշտ է… Իսկ վերջինը “Նժդեհ” ֆիլմն է, որի մասին արդեն խոսեցինք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ