Յուրաքանչյուր մարդու աչքեր, անկախ տարիքից եւ սոցիալական վիճակից, միշտ մեկ բան են ասում եւ հուշում, բայց մենք չենք կարողանում կռահել, գուցե չենք ուզում տեսնել: Այս զգացումը մեր մեջ ծնվում է, երբ տեղի է ունենում հարատեւ հրաշքը, այն հրաշքը, որ բոլոր մարդիկ միշտ ուզում են տեսնել. կարծես ջրի ծարավի կարոտ ունեն, իսկ մյուս կողմից այն ամեն անգամ տեղի է ունենում, բայց մենք չենք նկատում երբեք: Ամենօրյա հրաշքը շատ տեսանելի է, եւ մենք նույնիսկ այդ հրաշքի կրողներն ենք եւ մասնիկը, քանզի մենք սկսում ենք մեր մոր որովայնում ձեւավորվել՝ որպես մարդ, որպես Աստծու նմանություն եւ Աստծու արարչության շարունակող եւ կրող…. Ի սկզբանե մեր նոր ձեւավորվող անարատ հոգին այդ զգացումը ունի, եւ անհամբերությունը այնքան մեծ է, որ տենչում է տեսնել աշխարհի լույս: Այո, մենք ունենք այս զգացումը, եւ դա շատ լավ է, որովհետեւ սպասումը դա հույս է, եւ ինչպես հավատը ճանաչել է տալիս Աստծուն, իսկ սերը միավորում մարդուն Աստծու հետ, այնպես էլ հույսը առաջնորդում է դեպի Աստված: Մենք, լինելով քրիստոնյաներ, սպասում ենք մեր Տիրոջը՝ Հիսուսի Քրիստոսին: Եւ շատերը մեզ հարց կտան, թե ինչ տվեց մեզ մարդկանց Քրիստոսի առաջին Գալուստը, եւ որ այսպես խանդավառությամբ սպասում ենք Նրա Երկրորդ Գալստյան: Մեր պատասխանը հստակ է, քանզի մենք սպասում ենք մեր Տիրոջ արդարության հաստատման, հոգիների մաքրմանը եւ Տիրոջ գրկում մխիթարություն գտնելու ակնկալիքի սպասումով:
Սիրով եւ աղոթքով՝ Տ.Հեթում քահանա Թարվերդյան



