«Թուրքական մամուլը գրում է, որ օրերս Գյումրում ընդլայնված հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի սահմանապահների մասնակցությամբ, քննարկվել են միջազգային իրավական նորմերով կարգավորվող փոխադարձ աշխատանքները։
ՌԴ ԱԴԾ (ФСБ) Սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Սերգեյ Գրեչինը երեկ մեր թղթակցի հետ զրույցում պարզ հայտարարել է, որ այդ հանդիպման մասին տեղեկատվություն ստանալ հնարավոր չէ: Մեր հարցին՝ ինչն է պատճառը, որ չեն տրամադրում, և արդյոք դա ընդունված կարգ է, Գրեչինը կարճ և կոնկրետ պատասխանեց. «Որովհետև»։ Մեր դիտարկմանը, թե այս պատասխանից հետո կարող ենք կարծել, որ հանդիպումը եղել է և իրենք չեն ուզում հայտնել դրա մասին, Գրեչինը արձագանքեց. «Ինչ ուզում եք մտածեք, ինչ ուզում եք գրեք, մենք խնդիր չունենք»։ Գրեչինը հայտնեց, որ չի կարծում, թե Գյումրիում որևէ մեկը կարող է որևէ տեղեկություն հայտնել հանդիպման վերաբերյալ։ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մամուլի խոսնակի խոսքում այնուամենայնիվ սպրդեց, որ ամեն դեպքում 2 երկրների սահմանապահները հանդիպում են։
Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը, մեկնաբանելով հանդիպման մասին տեղեկությունը, հայտնեց, որ թուրք սահմանապահների Գյումրի կատարած այցելության մասին տեղեկության չի տիրապետում։ Եգանյանը, սակայն, չբացառեց, որ դա հնարավոր է ապատեղեկատվություն լինի։ «Հատկապես Գյումրու անունը ժամանակ առ ժամանակ թուրքական մամուլում շրջանառվում է, սակայն հետագայում պարզվում է, որ դրանք ապատեղեկատվաթյուններ են»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։